Սա բացառիկ հարգանքի տուրք է իմ արմատներին․ թենիսիստ Էլինա Ավանեսյանը` Հայաստանը ներկայացնելու մասին

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը, որը կանանց ասոցիացիայի (WTA) դասակարգման աղյուսակում ներկայում զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը, ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առաջիկա մրցաշարերում հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:



Առաջիկայում 21-ամյա մարզուհին ՀՀ դրոշի ներքո հանդես կգա ԱՄՆ Ցինցինատիի մրցաշարում, որը կմեկնարկի օգոստոսի 11-ին, այնուհետև կմասնակցի ԱՄՆ բաց առաջնության հաջորդ մրցաշարին: Այն կմեկնարկի օգոստոսի 26-ին:


Ողջունելով Ավանեսյանի՝ ՀՀ դրոշի ներքո հանդես գալու որոշումը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ դա վկայում է նրա նվիրվածության և հայրենիքի հանդեպ սիրո մասին:


«Էլինայի ձգտումը՝ հասնել մեծ հաջողությունների որպես հայ մարզիկ, անկասկած, կոգեշնչի մեր երիտասարդներին և կբարձրացնի թենիսի հեղինակությունը Հայաստանում: Մենք անհամբերությամբ սպասում ենք նրա հաջողություններին և այն դրական ազդեցությանը, որ նա կունենա մեր մարզական համայնքի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:


«Շատ հպարտ եմ, որ այսուհետ ներկայացնելու եմ Հայաստանը միջազգային առաջնություններում: Սա բացառիկ հնարավորություն է և հարգանքի տուրք իմ արմատներին, հայրենիքին և ընտանիքին, ովքեր միշտ աջակցել են ինձ»,- մարզական քաղաքացիությունը փոխելուց հետո ասել է Ավանեսյանը:


Ավանեսյանն ընդգծել է՝ որպես հայ մարզիկ ձգտում է մեծ նվաճումների հասել և ապագայում Հայաստանի Հանրապետությանը զգալի հաջողություններ պարգևել:


Հայաստանի թենիսի ֆեդերացիան նույնպես մեծ ոգևորությամբ է ընդունել Էլինայի՝ Հայաստանի դրոշի ներքո ելույթ ունենալու ցանկությունը և լիահույս է, ինչպես նշում է ֆեդերացիայի գործադիր տնօրեն Գևորկ Կարամանուկյանը, Էլինայի նպատակասլացությունն ու հաղթանակները կոգեշնչեն երիտասարդ հայ թենիսիստներին: