Հանրային հեռարձակողի խորհուրդը պատասխանել է Գարեգին Խումարյանին

Հանրային հեռարձակողի խորհուրդը բացահայտում է «ճնշումների» բովանդակությունը


Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը վերջերս հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնցում պնդել է, որ իր նկատմամբ եղել են ճնշումներ կառավարությունից, և իրեն արվել է «անպարկեշտ առաջարկություն»՝ Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից։ Ընդ որում, Խումարյանը չի մանրամասնում, թե ում անունից և ինչպես են դրսևորվել այդ ճնշումները, նշելով միայն, որ դրանք վերաբերել են «կառավարության աշխատանքի, սահմանամերձ գյուղերում կյանքի լուսաբանմանը, հրավիրյալ փորձագետներին և սոցիալական կայքերում ռադիոյի աշխատակիցների գրառումներին»։


Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշեց հրապարակել մի փաստաթուղթ և բացահայտել այն «անպարկեշտ առաջարկությունը», որն էլ ամենայն հավանականությամբ հիմք է հանդիսացել Խումարյանի հայտարարությունների համար։


Փաստաթուղթը՝ Հանրային հեռարձակողի խորհրդի Եզրակացությունն է Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի խմբագրական քաղաքականության վերաբերյալ։ Այն ուղարկվել է Խորհրդի նախագահ Արա Շիրինյանի աշխատանքային էլ․փոստից՝ ուղիղ Գարեգին Խումարյանի աշխատանքային էլ․հասցեին, 2021 թ․ դեկտեմբերի 17-ին։


Հանրային հեռարձակողների խորհուրդը 2021 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ուսումնասիրել է Ռադիոլուր լրատվական ծրագրի թողարկումներով հեռարձակված լուրերը, պաշտոնական կայքում տեղադրված տեսանյութերն ու ռեպորտաժները և հանգել է հետևյալ եզրակացության․


Ռադիոլուրի առանձին ռեպորտաժներ և լրագրողական մեկնաբանություններ չեն համապատասխանում հանրային հեռարձակողի՝ միջազգային չափանիշներով ամրագրված գործունեության նպատակներին՝ մասնավորապես՝ սատարել հասարակական համերաշխությանը և ազգային միասնությանը։


Այս Եզրակացության հիմք են հանդիսացել հետևյալ արձանագրումները․


1․Կառավարության գործունեությունը լուսաբանելիս Ռադիոլուրի որոշ մեկնաբաններ հաճախ անտեսում են հանրային հեռարձակողի մանդատը, որը պահանջում է ճշգրիտ և համակողմանի ներկայացնել պետական մարմինների նախաձեռնությունները, զերծ մնալ սեփական գնահատականներից։


2․ Սահմանամերձ բնակավայրերից Ռադիոլուրի ռեպորտաժները ներկայացնում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և պետական մարմինների ձեռնարկած քայլերը։ Սակայն հաճախ ռեպորտաժների հիմնական շեշտադրումներն ու հուսահատ արձանագրումները (եթե նույնիսկ օբյեկտիվ են լրագրողի տեսանկյունից) գործնականում ստեղծում են խուճապի և անկառավարելիության տրամադրություններ։ Այս ամենը արհեստականորեն սրում է ներքաղաքական իրավիճակը Երևանում, խաթարում է հասարակական կայունությունը, թուլացնում սահմանամերձ բնակչության պաշտպանունակությունը։


3․Խորհուրդն արձանագրում է նաև, որ Ռադիոլուրի վերոհիշյալ ռեպորտաժները սոցիալական ցանցերում դառնում են ներքաղաքական շահարկումների, տարբեր կուսակցությունների համակիրների՝ միմյանց վիրավորելու և ատելության խոսք տարածելու առիթ։


4․Քաղաքական «սկանդալային թեմաներին» Ռադիոլուրի անդրադարձների անհամաչափ քանակը, ռեպորտաժներում ներգրավված «փորձագետների» անփոփոխ կազմը հիմք են տալիս արձանագրելու, որ Ռադիոլուրը մեխանիկորեն վերարտադրում է քաղաքական դաշտում ծագած մանիպուլյատիվ հարցադրումները՝ անտեսելով որակյալ տեղեկատվություն ստանալու հանրության կարիքները։


5․ Էթիկայի տեսակետից Խորհուրդն անթույլատրելի է համարում սոցիալական ցանցերում Հանրային ռադիոյի լրագրողների ոչ պատշաճ արտահայտությունները պետական և քաղաքական գործիչների հասցեին։


Հանրային հեռարձակողների խորհուրդը առաջարկում է Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին 10-օրյա ժամկետում կադրային փոփոխություններ իրականացնել Ռադիոլուր լրատվական բաժնում՝ վերոնշյալ բացթողումներն ու լրագրողական էթիկայի խախտումները բացառելու համար։


Խորհրդի նախագահ՝ Արա Շիրինյան

17 դեկտեմբեր, 2021


Փաստաթուղթը չի հրապարակվել կայքում կամ որևէ տեղ։ «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 27-րդ Հոդվածի 9-րդ և 13-րդ կետերի համաձայն Խորհուրդը պարբերաբար հաստատում է ընկերությունների ծրագրային քաղաքականությունը, «իր նախաձեռնությամբ ուսումնասիրում է լրագրողների մասնագիտական վարքագծի կանոնների խախտման դեպքերը և ընդունում է խորհրդատվական բնույթի եզրակացություն»։


Թեև Գարեգին Խումարյանն այսօր պնդում է, որ մերժել է այս խորհրդատվական բնույթի փաստաթուղթը, այդուհանդերձ այն ժամանակ նա հավաստիացրել էր Խորհրդի անդամներին, որ կձեռնարկի համապատասխան միջոցներ և իսկապես իրականացրել էր որոշ կադրային փոխատեղումներ։ Խորհրդի գնահատմամբ, կարճ ժամանակում նշված առաջարկները հաշվի էին առնվել և իրավիճակը զգալի բարելավվել էր։


Գարեգին Խումարյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի վերաբերյալ պատրաստել է 3 Եզրակացություն։ Մյուս 2-ը հրապարակվել են 2023 թ․ Խորհրդի կայքում՝ Ինքնակարգավորում և էթիկա բաժնում։


Ցավալի է, որ «ճնշումների և Խորհրդի կողմից արված «անպարկեշտ առաջարկության» մասին մենք իմացանք 3 տարի ուշացումով, այն բանից հետո միայն, երբ Գարեգին Խումարյանը չվերընտրվեց Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնում։


ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Պատահարներ