Տղամարդը սպանել է անօգնական վիճակում գտնվող 73-ամյա մորը․ մանրամասներ
Ավարտվել է որդու կողմից մորը ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու, սպանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները:
Մասնավորապես՝ 2024թ. փետրվարի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ օրեր առաջ՝ 2024թ. հունվարի 27-ին՝ ժամը 18:30-ին, տանը վայր ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներով, ‹‹պոլիտրավմա›› ախտորոշմամբ, բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Նոր Խարբերդի 73-ամյա բնակչուհի:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ կինը վնասվածքները ստացել է, ոչ թե ընկնելու, այլ՝ ծեծի ենթարկվելու հետևանքով: Ուստի` դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել` ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով:
Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ. փետրվարի 29-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է մեկնել Ն.Խարբերդի նույն հասցե, որտեղ իր տանը մահացած է հայտնաբերել 73-ամյա կնոջը, ով օրեր առաջ բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և վերջինիս հայտնաբերել հատակին ընկած ՝ բազմաթիվ վնասվածքներով և խեղդամահ արված:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Որոշում է կայացվել՝ նշված քրեական վարույթները միացնելու մասին:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ երկու դեպքերում էլ տուժողին մարմնական վնասվածքներ հասցրել է նրա 53-ամյա որդին, ով, ըստ ստացված տվյալների, նախկինում ևս մոր նկատմամբ բռնություն է գործադրել:
2024 թվականի հունվարի 27-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, վերջինս Երևան քաղաքի Նոր Խարբերդի իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես հարմարեցված բութ առարկայով հարվածներ է հասցրել իր մոր դեմքի և մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով բազմաթիվ վնասվածքներ՝ դիտավորությամբ մոր առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից ավելի կայուն կորստով:
Նշված դեպքից շաբաթներ անց՝ 2024թ․ փետրվարի 29-ին՝ ժամը 08:00-ից մինչև 15:00-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում, դարձյալ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 53-ամյա տղամարդը, կյանքից զրկելու դիտավորությամբ, ապակյա շշով և այլ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել աջ վերին և ստորին վերջույթների կոտրվածքների հետևանքով գիպսային անշարժացված վիճակում պառկած լինելու պատճառով դիմադրություն ցույց տալու կարողությունից զրկված, անօգնական վիճակում գտնվող իր մոր գլխի, դեմքի ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ։ Այնուհետև, հանցանքն ավարտին հասցնելու նպատակով, սեղմել է մոր պարանոցը և շնչահեղձ արել նրան:
Նախաքննության ընթացքում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է պարանոցի օրգանների սեղմումով:
Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված քննչական գործողություններով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ 53-ամյա տղամարդը, ըստ համապատասխան բուժհաստատությունից ստացված տեղեկանքի, դեռևս 2001 թվականից հաշվառված է եղել ‹‹Խրոնիկական ալկոհոլիզմ երկրորդ աստիճանի›› ախտորոշմամբ: Քննության համար էական հանգամանքներ պարզելու նպատակով վերջինիս նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ ինչպես ներկայումս, այնպես էլ մեղսագրվող արարքը կատարելու պահին նա գիտակցել է իր գործողությունների բնույթը, նշանակությունը վտանգավորությունը, կարող էր հաշիվ տալ իրեն՝ կատարած արարքների համար, ղեկավարել դրանք, և վերջինս ճանաչվել է մեղսունակ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա տուժողի որդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 155-րդ հոդվածի մասի 2-րդ մասի 3-րդ և 9-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: