ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման փորձը
ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է պայքարը ՀՀ պետական սահմանով ապրանքների տեղափոխման անօրինական դեպքերի բացահայտման ուղղությամբ:
«Օրերս «Բագրատաշեն» մաքսային անցման կետ է ժամանել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող GAZ մակնիշի ավտոքարշակ, որի կշռման ժամանակ մաքսային ծառայողի հարցին արդյոք ավտոքարշակում առկա՞ են հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացին բացասական պատասխան է տվել: Մաքսային ծառայողի մոտ, սակայն, կասկած է առաջացել, որ նշված մեքենայով մաքսային հսկողությունից թաքցված ապրանք է տեղափոխվում։ Տրանսպորտային միջոցն ուղեկցվել է ռենտգեն տեսազննման կայան, որտեղ կատարված ռենտգեն հսկողության արդյունքում կասկածելի պատկեր է նկատվել: Ավտոքարշակն ուղարկվել է խոր զննման անգար և ենթարկվել մաքսային զննման, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցի հատուկ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 61 կգ քաշով դեղորայք և դեղորայքի դատարկ տուփեր։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարույթ` Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով»,- ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում: