93 տարեկանում մահացել է Աննա Նշանյանը

Լոս Անջելեսում այսօր՝ հուլիսի 24-ին, 93 տարեկանում մահացել է օպերային երգչուհի Աննա Նշանյանը:


Երգչուհին ծնվել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում: 1945թ. առաջին անգամ բեմ է բարձրացել Եգիպտոսում` «Անուշ» օպերայում կատարելով Անուշի դերը: Ավարտել է տեղի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը: Երկու տարի հաճախել է դասընթացների իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի մոտ, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ:


1952թ. առաջին անգամ ժամանել է Երեւան եւ հանդես եկել համերգային ծրագրով: 1959թ. Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երեւան եւ նույն թվականից աշխատել է Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգչուհի: 1963թ. ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան` կամերայի եւ օպերային երգչուհի որակավորումով: Հանդես է եկել բազմաթիվ օպերային դերերգերով` Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Իշխանուհի Աննա), Ա.Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (Շուշան), «Անուշ» (Անուշ), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Օլիմպիա), Վերդիի «Տրավիատա» (Վիոլետա), Վերդիի «Օթելլո» (Դեզդեմոնա) եւ այլն: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում: Կատարել է նաեւ Մոցարտի, Մասինիի, Բիզեի, Վերդիի, Մուսորսկու եւ այլ հայտնիների ստեղծագործություններից: Հյուրախաղերով եղել է Խորհրդային Միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում: 1964թ. նկարահանվել է Հ.Ղափլանյանի «Քաղաքավարության վնասներ» կինոնկարում: 1970թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 1977թ.` ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգրի: 1980թ. տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է համերգային գործունեությունը եւ արժանացել մի շարք ամերիկյան պարգեւների եւ մրցանակների, այդ թվում` «Famous Opera Singer» կոչման: 2013թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:


Հիշեցնենք, որ Աննա Նշանյանը վաստակոր արտիստ Ժան Նշանյանի մայրը եւ հայտնի դերասան, պրոդյուսեր Արման Նշանյանի տատիկն էր:


Աննա Նշանյանի հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 10-ին՝ Գլենդելի հայկական եկեղեցում:





Պատահարներ