ԱՄՆ-ն սեպտեմբերի 29-ից կարգելի «Կասպերսկու լաբորատորիայի» ծրագրային ապահովման օգտագործումը
ԱՄՆ Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 20-ից ամերիկացիներին կարգելվի որևէ գործարք կատարել ռուսական «Կասպերսկի լաբորատորիա» ընկերության հետ։ Սեպտեմբերի 29-ից ընկերության ծառայություններից օգտվելու ամբողջական արգելք կգործի։ Նշվում է, որ ընկերության ծրագրային ապահովումը վտանգներ է պարունակում ԱՄՆ ազգային անվտանգության համար:
«Կասպերսկու լաբորատորիան» պատասխանել է՝ պարզաբանելով, որ ԱՄՆ իշխանությունների որոշումից հետո նրանք կկարողանան միայն վաճառել և խթանել Threat Intelligence ծառայությունները և տեղեկատվական անվտանգության դասընթացները ԱՄՆ-ում։ Ընկերությունն ասում է, որ առաջարկել է իր արտադրանքը փորձարկել անկախ երրորդ կողմի կողմից Միացյալ Նահանգներում:
«ԱՄՆ-ի առևտրի նախարարությունն իր որոշումը կայացրել է, հավանաբար, ելնելով ներկա աշխարհաքաղաքական իրավիճակից և տեսական մտահոգություններից, այլ ոչ թե արտադրանքի տեխնիկական գնահատականից: Ընկերությունը նախատեսում է օգտագործել առկա իրավական միջոցները՝ գործընկերների և հաճախորդների հետ ընթացիկ գործունեությունն ու հարաբերությունները պահպանելու համար»,- ասվում է ընկերության մեկնաբանության մեջ: