Կարկուտը ոչնչացրել է Ագարակի կարտոֆիլի, ցորենի, ոսպի արտերը. համայնքի ղեկավար
Վերջին օրերին տեղատարափ անձրեւն ու կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ագարակի գյուղատնտեսությանը։
Հանձնաժողով է կազմվել՝ վնասները հաշվարկելու համար, բայց նախնական տվյալներով, ակնկալվող բերքի մոտ 50 տոկոսը վնասվել է։ «Ես սա առանց մասնագետների եմ ասում մոտավոր»,- «Փաստինֆո»-ին ասել է Ագարակ համայնքի վարչական ղեկավար Քրիստինե Մելիքջանյանը՝ ավելացնելով, որ «93-100 հա կարտոֆիլի, 80 հա ցորենի, 30 հա եգիպտացորենի և ոսպի արտերը վնասվել են, տնամերձերը՝ նույնպես։
«Գյուղն ինտենսիվ այգիներ չունի, տնամերձ այգիներ են, խնձոր կար, սալոր, տանձ, բնակիչներն ասում են՝ կարկուտը քաղհանն է արել, բան չի մնացել։ Անասնակերն էլ է վնասվել, ճակնդեղ ունեինք, տնամերձ հողամասերում նաեւ արեւածաղիկ ու եգիպտացորեն կար, էլ չունենք», -ասաց վարչական ղեկավարը։
Նրա փոխանցմամբ՝ նախօրեին տեղացած կարկուտը բավական մեծ է եղել՝ գրեթե հավկիթի մեծության, որից հետո շարունակական քամի ու մանր, բայց տևական կարկուտ է տեղացել։ Կան տարածքներ, որտեղ քամին անգամ ծառեր է արմատախիլ արել։