Քյարամյանը Քաջարանում պարգևների է արժանացրել Սյունիքի մարզպետին և մի շարք սպաների և զինծառայողների

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և կայազորային քննչական բաժինների ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Քաջարան քաղաք, որտեղ, նախ եղբայրական գերեզմանում հարգանքի տուրք է մատուցվել իրենց կյանքը հայրենիքի պաշտպանությանը զոհաբերած հերոս նահատակների շիրիմներին։


ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ծառայողներին և ներկաներին շնորհավորելով Կոմիտեի կազմավորման 10–ամյակի կապակցությամբ՝ ներկայացրել է Կոմիտեի ձևավորման պատմաքաղաքական նախադրյալները և հետապնդած նպատակները։


Կոմիտեի նախագահն արժևորել է հատկապես զինված ուժերում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից 2020թ. սեպտեմբերին սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրան հաջորդած ագրեսիայի դեպքերի քննության հարցում ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչության ունեցած ահռելի և անուրանալի ներդրումը՝ փաստելով դրանք կոնկրետ որակական ցուցանիշների վկայակոչմամբ։


«Այսօր կարող ենք արձանագրել, որ իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքներով, բոլոր ուղղություններով, պարզվել են ծավալված մարտական գործողությունների հիմնական փաստական և արարքներին իրավական գնահատական տալու համար անհրաժեշտ բոլոր էական հանգամանքները, և նախաքննությունը մոտենում է ավարտական փուլին»,–իր ելույթում նշել է Արգիշտի Քյարամյանը:


ՀՀ ՔԿ նախագահը նաև անդրադարձել է համակարգի զարգացման ու հզորացման ուղղությամբ Կոմիտեի ղեկավարության կողմից վարվող քաղաքականությանն ու ակնկալիքներին՝ նշելով, որ հետևողական աշխատանք է տարվում՝ համակարգի նախաքննական լիազորություններ իրականացնող բոլոր մարմիններում նախաքննության կազմակերպման և իրականացման սկզբունքները, նախաքննության պլանավորման մեթոդներն ու ձևերը միասնականացնելու, քննչական ստորաբաժանումների կենտրոնացված ղեկավարումն ուժեղացնելու, Կոմիտեի կառուցվածքը կատարելագործելու և քննչական մարմինների գործունեության համակարգման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։


Հանդիսավոր նիստի ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի 10–ամյակի կապակցությամբ, ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը համագործակցության և արդյունավետ գործունեության, բարեխիղճ ծառայության համար տարբեր պարգևների է արժանացրել ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյուզալյանին, ՀՀ ԶՈՒ մի շարք սպաների և զինծառայողների։

Քաղաքականություն