Լարված իրավիճակ. ոստիկանները ավելի քան 5 ժամ բանակցել են կասկածյալի հետ, այդ ընթացքում նա կրակել է

SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ մայիսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։


Այդ օրը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի բնակիչ 46-ամյա Գոռ Վարդանյանը թաքնվում է նշված տանը։


Ոստիկանները մոտ 5 ժամ բանակցություններ են վարում Գ. Վարդանյանի հետ, որպեսզի նա ենթարկվի ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, դուրս գա տան նկուղից և իրենց հետ մեկնի ոստիկանության Արմավիրի բաժին։


5 ժամ բանակցություններ վարելու ընթացքում Գ. Վարդանյանը մի քանի կրակոց է արձակում, ի վերջո, առավոտյան 09:00-ի սահմաններում ոստիկաններին հաջողվում է վնասազերծել նրան և տեղափոխել ոստիկանության Արմավիրի բաժին։


Արդեն տեղում նրա մոտ հայտնաբերվում է ինքնաշեն եղանակով պատրաստված երկփողանի ինքնաձիգի փամփուշտ կրակելու համար նախատեսված՝ հրազենի նմանվող առարկա, որի 2 փողերի մեջ փորձաքրեագետը հայտնաբերում է 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ։ Իսկ զինվորական վերնազգեստի գրպանում հայտնաբերվում են 11 հատ ինքնաձիգի փամփուշտ, գաղտնի փականով դանակ, սև գույնի կպչուն ժապավեն և այլ իրեր։


Ոստիկանության Արմավիրի բաժնում Գ. Վարդանյանը հայտնում է, որ այդ ամենն իրենն են, ինքնաշեն հրազենի նմանվող առարկան և երկաթե գլանակը ինքն է պատրաստել՝ ինքնաձիգի և գազային ատրճանակի փամփուշտներ կրակելու համար։


Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։