Երկիր օրաթերթի ձեռքի տակ է հայտնվել Արմեն Գրիգորյանին Արցախում տրված 070 կոդով անձնագիրը, որով նա նշանակվել է ԱԽՔ քարտուղար

Հաշվի առնելով 2023 թ. սեպտեմբերին արցախահայության բռնագաղթն ու դրանով պայմանավորված նոր իրողությունները, մասնավորապես, Արցախի Հանրապետության քաղաքացիներին ՀՀ քաղաքացի չհամարելու քաղաքականությունը՝ 070 կոդով անձնագրերը ոչ թե ՀՀ քաղաքացիության անձնագիր, այլ իբրև ճամփորդական փաստաթուղթ ներկայացնելու փաստը, Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ՝ պարզելու, արդյո՞ք Արցախում ծնված և մեծացած, Արցախի Հանրապետությունում գրանցում ունեցած Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անցել է այն նույն իրավական գործընթացը, ինչն այսօր պարտադրվում է արցախահայությանը: Այն է՝ Արմեն Գրիգորյանն ունի՞ ՀՀ քաղաքացիություն, եթե այո, ապա ե՞րբ է ստացել այն, ե՞րբ և ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Անվտանգության խորհրդի գրասենյակը գրավոր պատասխանել է, որ Արմեն Գրիգորյանն ունի ՀՀ քաղաքացիություն, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության անձնագիր, որը ստացել է 2018 թ. մարտի 5-ին:

Անվտանգության խորհրդի գրասենյակը շատ հմտորեն շրջանցել է ու չի պատասխանել մեր կարևոր հարցերից մեկին՝ ու՞մ (անձնագրային ո՞ր ստորաբաժանման) կողմից է ստացել Արմեն Գրիգորյանն իր այդ ՀՀ քաղաքացիության անձնագիրը:

Yerkir.am-ի ձեռքի տակ է Արմեն Գրիգորյանի՝ 2018 թ. մարտի 5-ին ստացած այդ անձնագիրը, որը նա ստացել է, ուշադրություն, Արցախից, քանի որ անձնագրում առկա է 070 կոդը, իսկ գրանցման հասցեն եղել է Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի Ուլուբաբյան փողոցի համապատասխան տունը (գրանցման ամսաթիվը՝ 2001 թվականի մարտի 30):

Կայքը փաստում է, որ Արմեն Գրիգորյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել 2018 թվականի մայիսի 17-ին, նշված (070 կոդով) անձնագրով:

ԱԽՔ նշանակվելուց 3 ամիս անց՝ 2018 թ. օգոստոսի 15-ին, Արմեն Գրիգորյանը նույն 070 կոդով Արցախի իր անձնագրում կատարել է միայն գրանցման հասցեի փոփոխություն՝ հաշվառվելով Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վաղարշյան փողոցի համապատասխան բնակարանում:

Ըստ երևույթին՝ Արմեն Գրիգորյանը դրանից հետո էլ շարունակել է գործածել նշված անձնագիրը, չի բացառվում՝ մինչ օրս էլ Արմեն Գրիգորյանի անձնագիրը դա է, քանզի վավերականության ժամկետը մինչև 2028 թ. մարտի 5-ն է: