Քաղաքականություն

Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու

Edita
Նախկինում Բաքվի իրականացրած քայլերն առկա բանակցություններում նրա անկեղծության վերաբերյալ կասկածներ են առաջացնում․ Ջոն Ինյարիտու

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջողությունը մեծապես կախված է արդար և թափանցիկ բանակցություններին երկու կողմերի իրական հանձնառությունից։

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ սահմանազատման գործընթացի համատեքստում Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի հետ, որը գլխավորում է էքսպանսիոնիստական ​​նկրտումների պատմություն ունեցող ալիևյան կլանը:


Իսպանացի պատգամավորը նկատեց՝ թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել բարդությունները և հիմքում ընկած խնդիրները՝ հասկանալու համար այս համաձայնության (խմբ․ պատգամավորը նկատի ունի ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ պայմանավորվածությունը) հնարավոր արդյունքները:


Այսուհանդերձ, Ինյարիտուն սահմանազատման գործընթացի համատեքստում ևս Ադրբեջանի մտադրությունների անկեղծության վերաբերյալ մտահոգություն հայտնեց․


Ինյարիտուի կարծիքով՝ պարտադրված կամ էլ կողմերի միջև գոյություն ունեցող հիմնական խնդիրների լուծմանը չհանգեցնող համաձայնագիրը կարող է ոչ թե խաղաղություն ու կայունություն բերել, այլ կարող է դանդաղ գործողության ռումբ հանդիսանալ։


«Որպեսզի խաղաղությունը կայուն լինի, համաձայնագիրը պետք է լինի արդար, հավասարակշռված և հարգված՝ դրանում բոլոր ներգրավվածների կողմից»,- նշեց պատգամավորը:


Ջոն Ինյարիտուն, համեմատելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը և, ընդհանրապես, Բաքվի՝ ձեռք բերված համաձայնություններին հավատարիմ մնալու և դրանց հետևելու վարքագիծը, հիշեցրեց այն գործողությունների մասին, որոնք Ադրբեջանն իրականացրել է Լեռնային Ղարաբաղում և վերջինիս վերաբերող պայմանավորվածություններում։


«Ադրբեջանի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների, արցախցի քաղաքացիական անձանց և նույնիսկ երրորդ երկրներից, օրինակ՝ Լիբանանից եկած անհատների շարունակական կալանավորումը, որը հիմնված է բացառապես նրանց հայկական ծագման վրա, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս ապօրինի գերությունն ընդգծում է ադրբեջանական ռեժիմի համակարգված և խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ»,- ասաց նա՝ընդգծելով, որ Ադրբեջանի կողմից նմանատիպ գործողություններն ավելի են ընդգծում երկիրը կառավարող ռեժիմի կողմից մարդու հիմնարար իրավունքների անտեսումը և նրա մտադրությունը՝ ահաբեկելու և ճնշելու հայ բնակչությանն ամբողջ աշխարհում:


Ջոն Ինյարիտուի հետ ամբողջական հարցազրույցը կհրապարակվի մայիսի 27-ին։


Դավիթ Մամյան


Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250