Ֆրանսիան հաջողությամբ փորձարկել է նորացված ASMPA միջուկային հրթիռը
Ֆրանսիան հաջողությամբ իրականացրել է նորացված ASMPA հրթիռի առաջին փորձարկումը, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Սեբաստյան Լեկորնուն։ Ֆրանսիական պաշտպանական կայքի հայտարարության մեջ ասվում է, որ փորձարկումների նպատակը «օդային միջուկային զսպման հուսալիության պահպանումն էր»:
Առանց մարտագլխիկի ASMPA գերձայնային միջուկային հրթիռի փորձնական արձակումն իրականացվել է Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Rafale ինքնաթիռով։ Նշվում է, որ զորավարժությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի ազգային տարածքի վրա։ ՊՆ հաղորդագրության մեջ ստույգ կոորդինատները նշված չեն։
«Սպառազինությունների գլխավոր տնօրինության ղեկավարությամբ իրականացվող ASMPA-ի արդիականացումը բարելավել է հրթիռի բնութագրերը, պահպանել միջուկային զսպման հուսալիությունը զարգացող սպառնալիքների դեպքում, մինչև հաջորդ սերնդի «օդ-երկիր» միջուկային հրթիռը հասանելի դառնա 2035 թվականին: ASMPA-ն այսպիսով արձագանքում է Ֆրանսիայի նախագահի՝ երկարաժամկետ հեռանկարում իր զինված ուժերի օպերատիվ իշխանությունը պահպանելու ցանկությանը», - ասված է հայտարարության մեջ:
ASMPA-ն միջին հեռահարության «օդ-երկիր» հրթիռ է, որը մշակվել է ֆրանսիական Aerospatiale պետական կորպորացիայի կողմից: Թռիչքի հեռահարությունը մոտ 500 կմ է։ Հրթիռը Ֆրանսիայի սպառազինության ցանկում այն ավելացել է 1986 թվականին։ Դրանից հետո այն մի քանի անգամ արդիականացվել է։ Մինչեւ 2035 թվականը Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են ASMP հրթիռները փոխարինել չորրորդ սերնդի ASN4G միջուկային «օդ-երկիր» հրթիռներով։ Ենթադրվում է, որ նրանց թռիչքի հեռահարությունը կգերազանցի հազար կմ-ը։