Դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել դրամական միջոցներ ու անշարժ գույք

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանից և նրան փոխկապակցված անձից բռնագանձել դրամական միջոցներ, բնակելի տարածքներ ու անշարժ գույք թե՛ ԱՄՆ–ում, թե՛ Հայաստանում։


Նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 15-ին վարույթ է ընդունել ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Վիգեն Սարգսյանից պահանջվում է բռնագանձել.


Անշարժ գույք Երևանի կենտրոնում, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի միջին շուկայական արժեքը՝ 181 մլն 125 հազար դրամ.


ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գտնվող բնակելի տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ գույքի ձեռքբերման արժեքը՝ 2 մլն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 940 մլն 909 հազար դրամ։


255 մլն 454 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։


172 մլն 486 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ 2004-2022 թվականների ընթացքում փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել՝ բռնագանձումը տարածելով նաև համատեղ կյանքի ընթացքում Լ.Գ.-ի անվամբ առևտրային բանկերում առկա դրամական միջոցների, գույքի վրա:


Հիշեցնենք` նախկին նախարարը մեղադրվում է 2018 թ.–ի հունվարին ՊՆ հաշվեկշռում գտնվող, Երևանի Գ. Հասրաթյան փողոցի թիվ 25/6 հասցեի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում դիտավորությամբ իր լիազորությունների շրջանակից դուրս գործողություններ կատարելու մեջ:


2023–ի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Վիգեն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը, նրա նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։


Վիգեն Սարգսյանը հայտարարություն է տարածել` իրեն առաջադրված մեղադրանքը համարելով քաղաքական հետապնդում և մարդու իրավունքների բացահայտ ոտնահարում։


ՀՀ գլխավոր դատախազությունը 2023–ի հոկտեմբերի 26–ին հայտնել էր, որ Վիգեն Սարգսյանի նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում։Նա մեղադրվում է նախարարության հաշվեկշռում գտնվող, Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ կատարելու մեջ, գործով ևս 30 տուժող է ի հայտ եկել։

Քաղաքականություն