«Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանիպուլյացիա է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստերի մասին ընդդիմադիրների պատրաստած տեսանյութը։


«Բռնել, կոնտեքստից կտրել, տարբեր ժամանակներում ինչ-որ ելույթներ համեմատել այսօրվա հետ՝ աբսուրդ է, դա մանիպուլյացիա է, որով լայն մասաների վրա փորձում են ազդեցություն ունենալ, բայց իրականությունն ահավոր արագ է փոխվում, ժամը մեկ մենք այլ իրականության մեջ ենք հայտնվում, ու փորձել համեմատել 5-6-7 տարվա հայտարություններն այսօրվա հետ՝ աբսուրդ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։


Նրա խոսքով՝ 2016 թվականին Հայաստանում կար չընտրված իշխանություն։ Նա վստահեցրեց, թե իրենց վերաբերմունքը հայրենիքի հանդեպ երբեք չի փոխվել։


Ալեն Սիմոնյանն աբսուրդ համարեց, որ ՔՊ-ականները կընդունեն Բագրատ Սրբազանի հաշտեցման գործընթացն ու ընդառաջ քայլ կանեն։


«Դա աբսուրդ է, ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցին, եկեղեցականը զբաղվում է քաղաքականությամբ։ Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ «Իմ հոր տունը մի սարքեք առևտրի տեղ», քաղաքականությունը առևտուր է։ Այսինքն՝ ձեզ թվում է, որ մենք մեր միջազգային գործընկերների հետ բանակցում ենք՝ քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ։ Եկեղեցին, թողած իր գործը, զբաղվում է առևտրով։ Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցին պատարագները վերածել է քաղաքական միտինգների, պատարագների շղարշների տակ միտինգ են կազմակերպում»,- ասաց ԱԺ նախագահը։


Սիմոնյանը դիտարկում արեց՝ «Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին Կաթողիկոսի մոտ, ոչ մի բան չարեց, դուրս չեկավ»։

Քաղաքականություն