58 համայքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվել. Ջանջուղազյան

2021-23 թթ. համար նախատեսված միջոցառումների ծրագրով 4 ուղղություններով 32 միջոցառում էր նախատեսված իրականացնել և այն միջոցառումները, որոնք կատարվել էլ են՝ եղել են սահմանված ժամկետներից ուշ, որոշներն էլ ընդհանրապես չեն կատարվել: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ -ում հայտարարեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը։


Նա Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կոշտ թափոնների կառավարման գործընթացի կատարողականի հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։


«Առաջին ուղղությամբ, որը վերաբերում է աղբահանությանը, չի կատարվել 4 միջոցառում։ Երկրորդ՝ աղբի հեռացման վայրերին վերաբերող 6 միջոցառումներից չեն կատարվել 5-ը։ Թափոնների կառավարման 5-աստիճան ստորակարգությանը վերաբերող 7 միջոցառումներից ոչ մեկը կատարված չէ հաշվեքննության իրականացման ժամանակահատվածում»,-ներկայացնելով 2021 թ. ընդունված Աղբահաննության իրականացման ռազմավարությունը և դրա կիրակումն ապահովող 2021-23 թթ միջոցառումների ծրագրի կատարման հաշվեքննությունը՝ ասաց Ջանջուղազյանը։


Նրա խոսքով՝ չորրորդ ՝ հանրային իրազեկման միջոցառումները կարող էին ավելի լավ արվել։


Ջանջուղազյանը հայտնեց, որ հաշվեքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի տարեսկզբի դրությամբ, մինչև համայքների խոշորոացումը, կազմակերպված աղբահանություն իրականացվել է միայն քաղաքային և քաղաքամերձ բնակավայրերում, իսկ 58 համայքներում աղբահանություն ընդհանրապես չի իրականացվել, բայց նախարարությունը հայտնել է, որ 2023 թվականի վերջի դրությամբ բոլոր համայքներում իրականացվում են աղբահանության ծրագրեր։


Հաշվեքննիչ պալատի նախագահը հայտնեց, որ աղբավայրերը չեն համապատասխանում քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարահիգիենիկ նորմերին։