Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել։
«Արբեջանական դատարանը հերթական անգամ երկարաձգել է հայ բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նախնական կալանքի ժամկետը։ Ռուբեն Վարդանյանը 2023 թվականի սեպտեմբերի 27-ից ապօրինաբար պահվում է Բաքվի բանտում։
Ութ ամիս շարունակ Ադրբեջանի իշխանություններն արհամարհել են միջազգային իրավունքը և մարդկային արժանապատվությունը՝ Ռուբեն Վարդանյանին պահելով անազատության մեջ՝ առանց դատավարության և պատշաճ գործընթացի։
Նրանք շարունակում են հրաժարվել հայտնել, թե երբ տեղի կունենա պատշաճ դատավարություն կամ լսումներ` իրենց, այսպես կոչված, «մեղադրանքների» հիման վրա: Վարդանյանի կալանքը ևս հինգ ամսով երկարաձգելու այս որոշումը՝ առանց պատշաճ իրավական ընթացակարգի, մարդու հիմնարար իրավունքների ևս մեկ կոպտագույն խախտում է:
Մինչ Եվրախորհրդարանի բանաձեւի, ԱՄՆ Կոնգրեսի պատժամիջոցների մասին օրինագծի և Ֆրանսիայի Սենատի բանաձևի միջոցով շարունակվում է ուժգնանալ Ադրբեջանի վրա միջազգային ճնշումները, մենք՝ Վարդանյան ընտանիքը, կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ կառավարությունների, բիզնեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, պահանջել Ռուբեն Վարդանյանի և մյուս 22 հայ բանտարկյալների անվերապահ ազատ արձակումը, եթե Ադրբեջանը ցանկանում է պահպանել COP 29-ը հյուրընկալելու արտոնությունը, որն Ադրբեջանը հռչակել է որպես «Խաղաղության COP»։
«Խափանման միջոց կալանքի բազմակի երկարաձգումները՝ առանց գրավի դիմաց ազատ արձակելու մերժումը հիմնավորելու անհատականացված ու կոնկրետ որոշման, Ռուբեն Վարդանյանի իրավունքների հերթական կոպտագույն խախտումն է՝ համաձայն Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային համաձայնագրի, որին Ադրբեջանն անդամակցում է։ Կալանքի ժամկետի երկարաձգումների միակ բացատրությունն այն է, որ այս գործը քաղաքական է, և որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանի դեմ որևէ փաստացի ապացույց չունի՝ նրան դատապարտելու համար։ Հետևաբար, նա պետք է անհապաղ կերպով և անվերապահորեն ազատ արձակվի»,- ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը»,- ասվում է հայտարարությունում։