ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի' սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին
Խախտվում է պատգամավորի խոսքի իրավունքը, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով որ որոշ ՔՊ-ական պատգամավորների խոսույթում լսում ենք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, այն բանից հետո, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ նրան արձագանքելու համար ԱԺ փոխխոսնակ հակոբ Արշակյանի ձայնի իրավունքից զրկեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին:
Երբ Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Ձեր երկրի ղեկավարն ասում է սահմանապահի փոխարեն ծառ տնկեք», տեղից ՔՊ-ականներն արձգանքեցին, որ դա բոլորիս երկրի ղեկավարն է:
«Մի ընդհատեք»,-ասաց Օհանյանը, իսկ «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ դիմելով նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանին ասաց․ «Էս դեպքում ձայնի իրավունքից զրկել չկա՞: Ինչո՞ւ դիտողություն չեք անում»:
Իրավիճակը լարվեց, Արթուր Խաչատրյանը տեղից ինչ-որ բաներ էր բղավում: Հակոբ Արշակյանը հանգստության կոչ արեց. «հանգստացեք ու ձեր ձայնը մի բարձրացրեք: Դուք նախազգուշացվում եք եւ խնդրում եմ չշարունակել այս խոսակցությունը: Մի շրունակեք եւ մի գոռացեք: Ես իմ գործընկերներին պետք է խնդրեմ լռություն պահպանեք դահլիճում»:
Սեյրան Օհանյանը շարունակեց. «Ես Ձեզ կառաջարկեի, որ դուք նկատողություն անեիք մեր ելույթները խանգարողներին: Այս տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ, որի ղեկավարությունը որևիցե միջոց չի ձեռնարկել, որ ապահովի բնականոն ընթացք այս դեպքերի ժամանակ։ Եղել են նաև ընդհարումներ, եղել են միջադեպեր և այդ միջադեպերի ընթացքում ես որպես ֆրակցիայի ղեկավար գտել եմ եզրեր, որ հանդարտեցնեմ։ Ձեր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ իմ աշխատասենյակում հայտնվելուց հետո ավելի են լարվել հարաբերությունները, ավելի այլ ընթացք են ստացել տարբեր միջադեպեր։
Այս 3,5 տարիների ընթացքում մենք ունենք ԱԺ նախագահ, որը որևիցե մի անգամ խորհրդակցություն չի անցկացրել ֆրակցիաների ղեկավարների միջև, որ եթե կան խնդիրներ, քննարկումներ անցկացնի և համապատասխան նորմալ պայմաններ ստեղծի, իսկ միակողմանի մոտեցումները նաև ձեր գործողությունների մեջ է երևում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Օհանյանի ելույթի ավարտից հետո, Հակոբ Արշակյանը արձագանքեց նրա ելույթին։
«Քանի որ իմ անունը տվեցիք պարոն Օհանյան, փորձեցիք նկատողություն անել և հարցականի տակ դնել հավասար վերաբերմունքը, ուզում եմ հիշեցնել, որ ԱԺ-ում Ձեր ասած միջադեպը ծագել է նրանից, որ Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոնից խոսող պատգամավորի ուղղությամբ և դրանից հետո է լարվել իրավիճակը:
Երկրորդ, ուզում եմ հիշեցնել, որ ձեր խմբակցությունում հայհոյախոս պատգամավորներ կան, որոնք վախենում են հիմա գալ դահլիճ, որովհետեւ կարող է իրենց ասածների համար պատասխան պահանջվի»:
Օհանյանն արձագանքեց. «Ոչ մեկը չի վախենում»:
Արչշակյանը շարունակեց. «Երրորդը, ուզում էի Ձեզ ասել, որ Ձեր խմբակցությունում աշխատանքային խորհդակցության ժամանակ մշտական հանձնաժողովի նախագահի վրա հարձակված պատգամավոր ունենք, ով մեկ-մեկ համբերություն չի ունենում, տեղից խոսում է։ Ուզում եմ Ձեզ ասել՝ երբ Դուք ինձ նկատողություն եք անում, ուրեմն սենց պտտվում եք հետ, և նկատողություններն ուղղում եք այնտեղ, որտեղից գալիս է իմ դիտողություններ անելու իրավունքը։ Խնդրում եմ, ինձ մի՛ սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել»,- ասաց Հակոբ Արշակյանը: