ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քաղաքացիները փակել են Երևան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում

Երեւան–Թբիլիսի ճանապարհը քաղաքացիները փակել են Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ ընդդեմ սահմանազատման աշխատանքների։


Այստեղ է նաեւ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, ով տեղից ուղիղ եթեր է մտել եւ նշել․ «Այստեղ են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք իրենց բողոքի ակցիան են իրականացնում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ ցանկացած բնակավայրում կա այն գիտակցումը, որ խնդիրը միայն Տավուշին չի վերաբերում։ Ամբողջ հանրապետությանը, ամբողջ հայության է վերաբերում։ Այն գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, դրա արդյունքում Հայաստանը կորցնելու է իր ռազմավարական խորությունը, Լոռու մարզը դառնալու է սահմանամերձ։ Այդ պրոցեսը տեղի է ունենում հակասահմանադրական եղանակով»։


Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց. «Էսպես ուղիղ գծով մի քանի կիլոմետրի վրա թուրքն է կանգնելու։ Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր։ Վաղը երաշխիք չենք ունենալու, որ մեր երեխան տնից դուրս եկավ, հետ կգա տուն»։


Ոստիկանները բարձրախոսով կոչ են անում բացել ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց ակցիան կավարտեն ու կբացեն ճանապարհը։


Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։


Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու հատվածում:


Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:


Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Քաղաքականություն