ՀՀ-ն այլևս չի պնդում, որ ԼՂ-ն որևէ առումով հիշատակվի․ սա վերացնում է ամենակարևոր խոչընդոտը․ Ալիև

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները դառնում են ավելի բաց և կառուցողական, ինչը երևում է այժմ երկու երկրի սահմանին ստեղծված իրավիճակում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Սահմանազատման հարցում Ադրբեջանն ու Հայաստանը շատ կառուցողական են վարվում։ Այն, ինչ տեսանելի է, աշխատանքի միայն մի մասն է։ Սա արդյունք է, բայց այս արդյունքը հիմնված է կանոնավոր շփումների և դրական դինամիկայի վրա։ Հետևաբար, մենք պետք է համախմբվենք այս հարցում և առաջ շարժվենք, խաղաղության ճանապարհին լուրջ առաջընթացի լավ հնարավորություններ կան», - ասել է Ալիևը:


Նրա պնդմամբ՝ «այն, ինչ հիմա կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, ցույց է տալիս, որ երբ մենք միայնակ ենք շփվում, և ոչ ոք չի ցանկանում օգտագործել իրավիճակը իր քաղաքական ամբիցիաների համար, վաղ թե ուշ մենք կարողանում ենք ընդհանուր համաձայնության գալ, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության պայմանագիրը»:


«Մեզ միայն պետք է ուսումնասիրել մանրամասները, բայց, իհարկե, երկու կողմի համար էլ ժամանակ կպահանջվի, քանի որ ստորագրման դեպքում դա պատմական համաձայնագիր կլինի երկու երկրի համար։ Այսպիսով, յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր պարբերություն կարևոր է, բայց կարևորն այն է, որ մենք երկուսս էլ ունենք դա անելու քաղաքական կամք», - հավելել է նա:


Ալիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում միակ խոչընդոտը Լեռնային Ղարաբաղն էր, քանի որ հայկական կողմն անընդհատ պնդում էր, որ ԼՂ-ի հարցը ներառվի բանակցային գործընթացում:


«Դա մեզ համար միանգամայն անընդունելի էր, և մենք տեսնում էինք, որ համաձայնության գալն անհնարին է: Դա շարունակվեց մինչև անցած տարվա սեպտեմբեր, մինչ մենք ամբողջությամբ կվերականգնեինք մեր «ինքնիշխանությունը»։ Բայց դրանից հետո մեկ այլ խնդիր առաջացավ՝ հայկական կողմը դադար վերցրեց ու առնվազն երկու ամիս չպատասխանեց մեր մեկնաբանություններին։ Որովհետև մենք մեկնաբանություններ փոխանակելու նման պրակտիկա ունենք։ Երկու արտգործնախարարները պարբերաբար մեկնաբանություններ են փոխանակում։ Կարծում եմ՝ մենք արդեն ութ-յոթ անգամ մեկնաբանություններ ենք փոխանակել այդ պայմանագրի վերաբերյալ: Հիմա Հայաստանն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի։ Փաստորեն, սա վերացնում է ամենակարեւոր խոչընդոտը», - ասել է Ալիևը:


Ալիևը նաև նշել է՝ եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը՝ շեշտելով՝ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։ 


Երևանում ապրիլի 15-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց, որ ողջունում են խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը։ Տոկաևը նաև ասաց, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։


Երևանը դեռ չի արձագանքել այս հայտարարությանը։


Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, Ալիևը նշել է, թե այն հստակ արտացոլված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ։


Միևնույն ժամանակի Ադրբեջանի նախագահը խոստովանել է․ - «Այո՛, «Զանգեզուրի միջանցք» բառը չի նշվել, բայց ասվել է, որ տրանսպորտային կապ կապահովվի Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև, որի վերահսկողությունն էլ պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Սա ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանը և ես։ Արդեն երեք տարուց ավելի է Հայաստանը փաստացի խախտում է այս դրույթը։ Սա շատ հիասթափեցնող է»։


Պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցք»-ը հայկական կողմի համար կարմիր գիծ է։ Պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։



Քաղաքականություն

Պատահարներ