Այս անորոշ անունը ժամանակավրեպ է այսօր․ Բրյուսովի անվան պետական համալսարանի նորընտիր ռեկտոր
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը տեղի է ունեցել այս տարվա մարտի 20-ին։ Նիստին մասնակցել են խորհրդի 20 անդամից 18-ը, և փակ-գաղտնի քվեարկությամբ Գյուրջինյաննն ընտրվել է միաձայն։
Նախարարը նաև հիշեցրել է, որ արդեն մեկ տարի Գյուրջինյանը բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է և հաջողությամբ է իրականացրել այդ աշխատանքը։
Գյուրջինյանն էլ շնորհակալություն հայտնեց համալսարանի հոգաբարձուների խորհրդին, ԿԳՄՍ նախարարությանը. «Որոնք այս մեկ տարվա ընթացքում աջակցեցին ինձ՝ համալսարանը դուրս բերելու ճգնաժամից, և աջակցեցին նոր ծրագրեր իրականացնելու հարցում։ Կարծում եմ՝ առաջիկա տարիների ընթացքում Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը, և այս անորոշ անունը ժամանակավրեպ է այսօր։ Ուղղակի պետական համալսարան։ Ոչ տեղորոշված է, ոչ տարորոշված է, ոչ էլ մասնագիտություն կա այս անվան մեջ։ Հետագայում ակնկալում եմ լիազոր մարմնի և կառավարության աջակցությունն այս հարցում նույնպես»։
Վարչապետն էլ ասաց, թե կառավարությունը կաջակցի այդ հարցում. «Կառավարությունն էլ Ձեր աջակցություննն է ակնկալում, որովհետև գիտեք՝ բարձրագույն կրթության ոլորտում շատ հավակնոտ ծրագիր ունենք»։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Բրյուսովի անվան պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները։ Իր խոսքում նորընտիր ռեկտորը հայցեց կառավարության աջակցությունը՝ փոխելու համալսարանի անվանումը․ «Բրյուսովի անվան պետական համալսարանը պետք է վերադառնա իր նախկին կոչմանը, որն է՝ լեզվաբանական և լեզվահասարակագիտական կրթությունը, օտար լեզուների ուսուցումը։ Այս անորոշ անունը՝ «Բրյուսովի անվան պետական համալսարան», ժամանակավրեպ է, ոչ տեղորոշված է, ոչ մասնագիտություն կա անվան մեջ։ Հետագայում ակնկալում եմ կառավարության աջակցությունը այս հարցում»,- ասաց նա: