Հայաստանն ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում՝ ըստ Freedom House-ի

Հայաստանը հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպության Nations in Transit 2024 զեկույցում ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշում անկում է գրանցել՝ 2.50-ից հասնելով 2.25-ի:


«Ազգային ժողովրդավարական կառավարման վարկանիշը 2,50-ից իջել է 2,25-ի` պայմանավորված գործադիրի կողմից իշխանության կոնսոլիդացման, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու բազմամյա միտման և իշխող կուսակցության ֆինանսների թափանցիկության բացակայության պատճառով: Արդյունքում, Հայաստանի ժողովրդավարության միավորը 3,11-ից իջել է 3,07-ի», - նշել են զեկույցի հեղինակները:


Նշվում է, որ Հայաստանում անվտանգային իրավիճակի վատթարացումը միայն սրել է խորհրդարանում քաղաքական բևեռացումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և ընդդիմության միջև՝ խաթարելով կարևորագույն հարցերի շուրջ բովանդակալից երկխոսությունը։


«Ըստ զեկույցի՝ Երևանի ավագանու ընտրությունները 2023-ի գլխավոր իրադարձությունն էին ներքաղաքական առումով և կարող էին դիտվել որպես վստահության միջանկյալ փորձություն նախորդ համապետական օրենսդրական քվեարկության՝ 2021-ի և 2026-ին գալիք ընտրությունների միջև... Ընտրական գործընթացը հիմնականում դրական գնահատական է ստացել տեղական և միջազգային դիտորդների կողմից։ Սակայն այն նշանավորվել է նաև իշխող կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահմամբ՝ «թավշյա հեղափոխությունից» ի վեր աննախադեպ մասշտաբով:


Թեև հեղափոխության ամենաազդարարված ձեռքբերումներից մեկը եղել է քաղաքականության անջատումը խոշոր բիզնեսներից և օլիգարխներից, 2023 թվականը ցույց տվեց այդ ճակատում հետընթացի մտահոգիչ նշաններ: Մասնավորապես, երկու առանձին հետաքննության զեկույցները լույս են սփռում ՔՊ-ի ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա։ Առավել մտահոգիչն այն է, որ իրավապահ մարմինները «Քաղաքացիական պայմանագրին» մեղավոր չեն ճանաչել ապօրինի գործողությունների համար, մինչդեռ Փաշինյանը ներողություն է խնդրել, սակայն ասել է, որ իր կուսակցությունը ոչ մի օրենք չի խախտել», - նշված է զեկույցում:


Հեղինակներն արձանագրել են, որ թեև որոշ իշխանությունների իրականացրած բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով: