Ուսանողին դաժան ծեծի և նվաստացման ենթարկած դեռահասներից մեկը ՔԿՀ պետի տեղակալի որդին է
Զորական գյուղում տեղի ունեցած դաժան ծեծի միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ են բացահայտվում։
Իրավաբան Դավիթ Թումասյանը գրում է, որ ներգրավված դեռահասներից մեկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է։ Նրա խոսքով՝ վերջինս ոչ միայն ակտիվորեն մասնակցել է հասակակցի դաժան ծեծին, այլ նաև «իր սպորտային հմտությունները կիրառում է կենցաղում»։
Թումասյանը շեշտում է, որ տղան՝ ընդամենը 14-15 տարեկան, չի հարգում օրենքը և «տղավարի ռազբորկեք» է կազմակերպում՝ ենթամշակութային խոսույթ օգտագործելով։ Իրավաբանը հարց է բարձրացնում՝ ինչու է ենթամշակույթի դեմ պայքարող պաշտոնյայի որդու մոտ զարգացել հակառակ վարքագիծը, և ինչու է հայրը, ըստ նրա, ոչ միայն չկասեցրել, այլ «բոլոր հնարավոր ձևերով պաշտպանել» երեխային։
«Արդյո՞ք մեզ պետք են այնպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ։ Ըստ իս՝ միանշանակ ոչ»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ 5 անչափահասներ ուսանողին նվաստացրել են և դաժան ծեծի ենթարկել:
Նշենք, որ ուսանողին դաժան ծեծի և նվաստացման ենթարկած դեռահասներն ազատության մեջ են։





























