Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը. Վահագն Ալեքսանյան
Փաստացի Հայաստանի բոլոր քաղաքական բևեռները ընդունել են Եկեղեցու բարենորոգման օրակարգի գերակայությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«Այո, այո, չեմ սխալվում՝ անխտիր բոլոր քաղաքական ուժերը։
Նայեք ընդդիմադիր մամուլը, նայեք ընդդիմադիր գործիչների էջերը։ Նրանք բոլորը մի մարդու պես խոսում են, որ եպիսկոպոսաց դասում կա այս խնդիրը, կա այն խնդիրը։ Էս մի եպիսկոպոսն այսպիսին է, այն մի եպիսկոպոսը՝ այնպիսին։ Այսինքն՝ եթե վակուումի մեջ կարդաս ընդդիմադիրներին՝ կստացվի, որ մի խայտառակ վիճակ է Եկեղեցում։
Ուղղակի խնդիրն այն է, որ ընդդիմությունը խոսում է միայն այն եպիսկոպոսների ու եկեղեցականների դեմ, որոնք ուղիղ տեքստով դատապարտել են բացահայտ պղծությունը։
Բա, հարգելի ընդդիմադիրներ, սրանից ուղիղ երկու օր առաջ ասում էիք՝ Եկեղեցին իր ներսում պիտի խնդիրները լուծի, բա ներսից 10 եպիսկոպոս փորձում է լուծել, բա էդ ո՞նց եք միջամտում ներքին գործերին։
Բա, հարգելի ընդդիմադիրներ, այս ամբողջ ընթացքում ասում էիք՝ Եկեղեցում խնդիր չկա, հիմա 10 եպիսկոպոսներին խայտառակ մեղադրանքներ եք հնչեցնում, բա ինչո՞ւ էիք դրա մասին լռում մինչև էն պահը, երբ վերջիններս խոսեցին բացահայտ պղծության դեմ։
Այսինքն՝ հա՞շտ էիք այդ ամենի հետ։ Չէ՛, առանց հարցականի՝ դուք ձեր ասած ամեն ինչի հետ հաշտ էիք ու կշարունակեիք հաշտ մնալ, եթե եպիսկոպոսները բացահայտ պղծության դեմ չխոսեին։
Բայց նույնիսկ այս կոնտեքստով ողջունում եմ ընդդիմության կողմից Եկեղեցու բարենորոգման օրակարգին միանալը, փաստացի դուք արձանագրում եք, որ Եկեղեցում ահռելի խնդիրներ կան, իհարկե դեռևս խնդիրները տեսնում եք միայն պղծության դեմ խոսողների շարքերում և անտեսում պղծության պաշտպանների շարքերում, բայց սա էլ է ժամանակավոր»,- գրել է նա։
Հիշեցնենք, նախօրեին եպիսկոպոսները ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ կաթողիկոսը առ ոչինչ է համարել իր իսկ ստեղծած հանձնախմբի փորձաքննության արդյունքները: Նշվում էր, որ հանձնախումբը պետք է ուսումնասիրեր ու եզրակացություն ներկայացներ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող անպարկեշտ տեսանյութերի վերաբերյալ, որի իսկությունը փորձաքննությամբ հաստատել է Քննչական կոմիտեն: Հանձնաժողովը քանիցս ի պաշտոնե, այդ թվում նաև՝ անհատ եպիսկոպոսներ, խնդիրը հետևողականորեն հանձնել են կաթողիկոսի ուշադրությանը: Եվ եպիսկոպոսների համար խիստ տարակուսելի և ծայրաստիճան անհանգստացնող է նրա որդեգրած մոտեցումը:
Վարչապետը հանդիպում էր ունեցել հայտարարությունը ստորագրած հոգևորականների հետ։





























