
Բելառուսում սկսել են ԵՍԶՈՒ պայմանագրի կասեցման գործընթացը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հերթին համաձայնել է խորհրդարանին ներկայացնել ԵՍԶՈՒ (Եվրոպայում սովորական զինված ուժեր) պայմանագրի կասեցման մասին օրենքը: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
««Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի կասեցման մասին» օրենքի նախագիծը կներկայացվի Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ, դրան համաձայնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն», - ասվում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքի հաղորդագրությունում:
Պայմանագիրը Բելառուսի կողմից վավերացվել և ուժի մեջ է մտել 1992-ին: Այն նախատեսում է սահմանափակել սովորական սպառազինությունների և տեխնիկայի ընդհանուր մակարդակները հինգ հիմնական կատեգորիաներում (տանկեր, զրահատեխնիկա, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ), ինչպես նաև նախատեսում է պարտավորությունների կատարման ստուգման մեխանիզմներ (տեղեկատվության փոխանակում և ստուգումներ):
«Օրենքի նախագիծը նախատեսում է ԵՍԶՈՒ պայմանագրի կասեցում, սակայն չի նշանակում Բելառուսի դուրս գալը դրանից և զինված ուժերում դրա իրականացման հետ կապված ներքին ընթացակարգերի դադարեցում»,- ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) Հանրապետության դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրում։