
Թուրքիան դուրս է գալիս ԵՍԶՈՒ պայմանագրից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ից Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից (ԵՍԶՈՒ) Հանրապետության դուրս գալու մասին հրամանագիր է ստորագրել: Հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete կառավարական պաշտոնական տեղեկագրում։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթղթի տեքստում նշվում է, որ որոշվել է 2024 թվականի ապրիլի 8-ից կասեցնել Թուրքիայի Հանրապետության և ԵՍԶՈՒՊ-ի մասնակից մյուս պետությունների միջև պայմանագրի իրականացումը՝ նախագահի հրամանագրի համաձայն։
ԵՍԶՈՒ-ն ստորագրվել է 1990թ. նոյեմբերի 19-ին Փարիզում և վավերացվել թուրքական կառավարության կողմից 1992թ. հուլիսի 1-ին: Պայմանագիրը սահմանափակում է 30 պետությունների զինված ուժերի սովորական սպառազինության և տեխնիկայի հինգ հիմնական կատեգորիաների (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, 100 մմ և ավելի տրամաչափի հրետանային համակարգեր, մարտական ինքնաթիռներ և հարվածային ուղղաթիռներ) քանակը: Այն նախատեսում է տեղեկատվության փոխանակում և ստուգում:
Ինչպես գրում է այս որոշման հետ կապված իշխանամետ Yeni Şafak թերթը, Ռուսաստանը ԵՍԶՈՒ-ից դուրս է եկել 2023 թվականի նոյեմբերին։ Դրանից հետո ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հայտարարեցին պայմանագրով իրենց պարտավորությունները դադարեցնելու մասին: Այն ժամանակ Անկարան ափսոսանք էր հայտնել ՆԱՏՕ-ի գործընկերների նման որոշման կապակցությամբ և կոչ արել նրանց վերադառնալ ԵՍԶՈՒ։ Նշվում է, որ ներկայիս որոշումը Թուրքիան կայացրել է միջազգային լարվածության աճի պատճառով։
Թուրքական ԶԼՄ-ները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում են, որ, Անկարայի կարծիքով, պայմանագիրն ընթացիկ պայմաններում կորցրել է իր իմաստը և դրանով ստանձնած պարտավորությունները փաստացի չեն կատարվում: Միևնույն ժամանակ նշվում է, որ պայմանագրով պարտավորությունների կատարումը կասեցնելու մասին որոշումը կարող է շրջելի լինել: