Արցախի ԱԱԾ-ի աշխատակիցը խանութում սպանել է իր քենուն, ապա ինքնասպան եղել

Այսօր՝ ապրիլի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկի 48/5 հասցում կրակոցներ են հնչել և կան տուժած քաղաքացիներ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Հաղորդվում է, որ դեպքի վայրը, որը բջջային «Mobile Centre» հեռախոսների և աքսեսուարների խանութն է, պարեկները սահմանազատել են:  


Ոստիկանները ներսում հայտնաբերել են տղամարդու դի, կողքին էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ:


Մինչ տեղում աշխատում էին ոստիկանները, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Դիլիջանի բաժին, որ շտապօգնությունը գլխի մասում հրազենային վնասվածքով, մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի կին:  


Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: Դեպքի փաստով մարզային քննչական վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ:


Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում «սպանություն» և «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:


Կայքը փոխանցում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մահացած կինը «Յունիբանկ»-ի աշխատակից էր, ով այդ պահին գտնվում էր «Mobile Centre»-ում և նա երբ ներսում է եղել, նրա քրոջ ամուսինը, ով Արցախի Հանրապետության քաղաքացի է և Արցախի ԱԱԾ-ի աշխատակից է եղել, մոտեցել է նրան, ու մեղադրել իր ընտանիքը քանդելու մեջ, ապա իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակով կրակել է նրա գլխին, որից հետո ինքնասպան է եղել»:


Կայքի տեղեկություններով՝ մահացած վիճակում հիվանդանոց տեղափոխվածը Տավուշի մարզում հաշվառված, 37-ամյա Մերի Ա.-ն է, իսկ նրան սպանած և ինքնասպան եղած տղամարդը Արցախի Հանրապետության քաղաքացի, 33-ամյա Խաչիկ Ա.-ն է:


Քաղաքականություն