Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. ամենաբարձր նախազգուշացումը՝ Լեմկինի ինստիտուտից
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացումը)՝ հաշվի առնելով Ադրբեջանի սրացող հռետորաբանությունն ու պահանջները Երևանի հասցեին, ինչպես նաև վերջին հարձակումները Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա։
«Նախկինում մենք բազմաթիվ կարմիր դրոշի և SOS ահազանգեր ենք տարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից օկուպացված և հայաթափված Արցախի Հանրապետության համար: Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության վտանգը տարածվել է նաև բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանը, կարծես, վարում է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացման ռազմավարություն», - նշում են ինստիտուտի փորձագետները՝ ընդգծելով, որ Բաքուն այժմ ձգտում է վերահսկողություն հաստատել ութ գյուղի նկատմամբ, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, գտնվում են հայկական օկուպացիայի տակ:
«Նրա նպատակն է ամբողջապես վերահսկել հայկական պետությունը և Ադրբեջանը միավորել Թուրքիային... Հավակնելով վերահսկել Հայաստանի ռազմավարական կետերը, Ադրբեջանը, կարծես թե, իր քաղաքականությունը մոդելավորում է Պաղեստինում իսրայելական բնակավայրերի ստեղծման օրինակի վրա: Հայաստանին սպառնացող վտանգը դարձել է հրատապ՝ պահանջելով միջազգային հանրության անհապաղ և համակարգված ուշադրությունը։ Հրատապ գործողությունները հրամայական են՝ թույլ չտալու համար տարածքային օկուպացիայի և ցեղասպանության հերթական դեպքը, որը նման է ընդամենը վեց ամիս առաջ Արցախում տեղի ունեցածին», - նշվում է հրապարակման մեջ: