«Կրոկուսում» ահաբեկչության հեղինակներին հանձնարարվել է գնալ Կիև՝ վարձատրության համար. ՌԴ ՔԿ

Crocus City Hall համերգասրահում ահաբեկչություն կատարելու մեջ մեղադրվողները հայտնել են, որ իրենց գործողությունները ինչպես նախապատրաստական ​​փուլում, այնպես էլ զինված հարձակումից հետո համակարգվել են Telegram-ում ձայնային հաղորդագրությունների միջոցով կեղծանունով ներկայացած մի մարդու կողմից։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։


«Համակարգողի հանձնարարությամբ ահաբեկիչները հանցագործությունը կատարելուց հետո մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի այնուհետև հատեն այն և հասնեն Կիև՝ ստանալու իրենց խոստացված պարգևը»,- պնդում են Քննչական կոմիտեից։


Հետաքննությունը շարունակվում է ահաբեկչության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցության ստուգման համար, հավելել է Քննչական կոմիտեն։


Հինգշաբթի՝ մարտի 28-ին, վարչությունը հայտնել է, որ հետաքննությունը «հաստատել է տվյալներ», որ «Կրոկուսում» ահաբեկչության հեղինակները «զգալի գումարներ» և կրիպտոարժույթ են ստացել Ուկրաինայից։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի՝ մարտի 25-ին, ասել է, որ «Կրոկուսում» ահաբեկչությունն իրականացվել է արմատական ​​իսլամիստների կողմից, սակայն խոստովանել է, որ «այս վայրագությունը կարող է միայն մեկ օղակ լինել նրանց կողմից, ովքեր կռվում են մեր երկրի դեմ»։

Քաղաքականություն