Ուժեղացվե՞լ է Երևանում գործող Mall-երի ու մարզահամերգային համալիրի անվտանգությունը
Մարտի 22-ին «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 144-ի։ ՌԴ իրավապահները նշում են՝ ցավոք, այս թիվը դեռ կավելանա:
Այս ողբերգությունից հետո ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլև տարբեր երկրներում համատարած սկսեցին ուժեղացնել անվտանգության միջոցառումները մարդաշատ վայրերում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրի և համերգային կենտրոնները ևս ուժեցարել են իրենց անվտանգությունը:
MediaHub-ը կապ է հաստատել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանի հետ։
«Ահաբեկչությունից հետո մեր մոտ արդեն կայացել է երեք համերգ, և այդ համերգների անվտագությունը ավելի ուժեղացած է եղել: Չնայած նրան, որ մեր մոտ միշտ էլ եղել է ուժեղացված անվտանգություն, բայց այդ դեպքից հետո էլ ավելի ենք ուժեղացրել»,- ասաց Ղազարյանը։
Rio Mall առևտրի կենտրոնից մեզ նույնպես ուժեղացված անվտանգության մասին տեղեկացրին։ «Մինչ այդ դեպքն էլ, դրանից հետո էլ անվտանգությունը, ինչպես պետք է, աշխատում է։ Անվտանգության աշխատակիցների թիվն ավելացրել ենք, անվտանգությունը հսկվում է ամենայն ուշադրությամբ»,- ասաց ԱԿ-ի ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Երևանում գործող խոշոր երեք առևտրի կենտրոններին՝ Dalma Mall-ին, Yerevan Mall-ին և Mega Mall-ին, ապա վերջիններից հստակ պատասխան ստանալ չհաջողվեց՝ հարցին ծանոթանալուց հետո մեզ խոստացան զանգահարել, սակայն այդպես էլ չզանգահարեցին: