Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին
Հանրապետության տարածքում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում` ձյան տեսքով։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։
Քամին հարավարևմտյան է, 2-6 մ/վ արագությամբ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վ, 27-ին՝ 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-30-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։
Երևանում մարտի մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 26–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +4...+6 աստիճան։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆոյսբուքյան էջում կրկին հիշեցրել է, որ «մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»։