900 անձ չի հայտնվել բանտում, քանի որ դատարանն արդեն տնային կալանք է կիրառում. նախարար

Հայաստանում շուրջ 900 անձ չի հայտնվել քրեակատարողական հիմնարկներում, որովհետև դատարանն արդեն կարողանում է տնային կալանք կիրառել։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։


«Այսօր ունենք պրոբացիայի մոտ 900 շահառու, որոնք չեն հայտնվել բանտում, որովհետև բարեփոխումների արդյունքում դատարանը հնարավորություն ունի տնային կալանք կամ վարչական վերահսկողություն կիրառել։ Առաջին մի քանի ամսում տեխնիկական խնդիրներ են եղել` կեղծ ահազանգեր էին ստացվում կամ դեպքեր էին լինում, որ մեզ մոտ ահազանգերը չէին արտացոլվում։ Վերջին եռամսյակում արձանագրում ենք, որ սիստեմը շատ լավ աշխատում է»,– ասաց նա։


2023 թվականի հունվարի 1-ից դատարանը կարողանում է տնային կալանք և վարչական հսկողություն կիրառել։ Արդարադատության նախարարությունը լեհական կազմակերպությունից մոտ 800 համապատասխան սարքավորում է ձեռք բերել` ոտքին ամրացվող հատուկ սարքեր։