ՆԳՆ պաշտոնյան մահացու վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ. ՔԿ-ն` դեպքի մասին
Պարոնյան փողոցում Ոստիկանության ավտոտնտեսության պետ Վարդան Ավագյանի մասնակցությամբ երկու օր առաջ վթար է տեղի ունեցել, որի հետևանքով մի կին է մահացել: Այս մասին տեղեկանում ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումից:
«Ոստիկանության ավտոտնտեսության պետ, նախարար Վահե Ղազարյանի ընկեր (ու Հովիկ Աբրահամյանի սանիկ) Վարդան Ավագյանը երեկ գիշերը Պարոնյան փողոցի վրա, իմ ունեցած տեղեկություններով, մահացու վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան մի կնոջ։
Վրաերթը, ինձ հասած տեղեկություններով, կատարել է խմած վիճակում` ծառայողական ավտոմոբիլով և օպերատիվ համարանիշերով»,-գրել է Իոաննիսյանը:
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևելության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), անձն ինքնկամ է ներկայացել իրավապահներին ու հայտնել վթարի մասին: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել և խափանման միջոց ընտրվել բացակայելու արգելքը: Աբրահամյանը նաև նշել է, որ գործի շրջանակներում բողոք չի ներկայացվել:
Գոռ Աբրահամյանը լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, որ մեղադրյալի խմածության վերաբերյալ տվյալներ չունեն: