Քարակերտի գիշերային ակումբում կատարված սպանության վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ավարտվել է 2023թ հուլիսի 3-ին Արմավիր մարզի Քարակերտ գյուղում գործող գիշերային ակումբի դիմաց տեղի ունեցած սպանության, ևս 2 անձի նկատմամբ սպանության փորձի, խուլիգանության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
Նշված օրը՝ ժամը 05:26-ին, տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վերքերով «Արմավիր» ԲԿ են տեղափոխվել Քարակերտի 3 բնակիչներ, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է, որ հուլիսի 3-ին՝ ժամը 00․00-ի սահմաններում Քարակերտում գտնվող գիշերային ակումբ են ժամանել հիշյալ բնակավայրի 4 և Արագածոտնի մարզի Արտենի գյուղի 2 բնակիչ, որտեղ էլ վերջիններիս միջև կենցաղային, անհիմն խնդրի շուրջ վիճաբանություն է սկսվել, որը, րոպեներ անց հարթվել է։
Սակայն, ժամը 3-ի սահմաններում, երբ Արտենիի 23-ամյա բնակիչը գտնվել է ակումբի դռան մոտ, իր հետ մինչ այդ վիճաբանած Քարակերտի բնակիչներց մեկը նրան հրավիրել է դուրս։
Երիտասարդն էլ, գրպանից հանելով մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված սուր կտրող առարկան, մոտեցել է իրեն կանչողին և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, ձեռքում պահած առարկայով, վերջինիս կյանքից զրկելու դիտավորությամբ, հարվածել է նրա ազդրին, ապա բութ առարկաների ներգործությամբ հարվածներ հասցրել նաև վիրավոր տղամարդու գլխին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:
Շարունակելով խուլիգանական վարքագիծը, երիտասարդը նույն կռվի ընթացքում հարվածներ է հասցրել նաև Քարակերտի բնակչի 2 ընկերներին, որոնցից մեկը կրծքավանդակի շրջանում ստացած վնասվածքից մահացել է, իսկ մյուսին պատճառվել է կյանքի համար վտանգավոր ծանր վնաս։
Բացի այդ, Արտենիի 23-ամյա բնակիչը համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, իրավական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հիշյալ ակումբում հնչեցրել է հայհոյանքներ՝ խոչընդոտելով ակումբի բնականոն աշխատանքը:
Այդ ընթացքում, Քարակերտի՝ արդեն վիրավոր վիճակում գտնվող բնակիչներից երկուսն իրենց 3-րդ համագյուղացու հետ միասին մահակներով սկսել են հարվածներ հասցնել վերջինիս, ինչի հետևանքով էլ ակումբի տարածքում ծեծկռտուք է սկսվել, որին միացել է նաև 23-ամյա երիտասարդի ընկերը։
Քարակերտցի երիտասարդների և Արտենիից 23-ամյա երիտասարդի ընկերոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հաշտության և գործուն զղջալու հիմքով։
23-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով (2 դրվագ), 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, 23-ամյա երիտասարդի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան։


Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի
Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու...