Միայն ԼՂ–ից տեղահանվածների համար բնակարանային ծրագիր անելը լարում կառաջացնի. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու դեպքում հանրության շրջանում կարող է լարում լինել, որովհետև ՀՀ քաղաքացիներն էլ խնդիր ունեն։ Այսօր ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Խոսելով բնակարանային ապահովման ծրագրի մասին` նա ընդգծեց, որ այն հանրային քննարկման փուլում է։ Այսինքն` «դիզայնը» նախնական փուլում է, բայց վերջնական որոշումը կկայացնեն տարբեր կարծիքներ լսելուց և վերլուծելուց հետո։


«Մեր տրամաբանությունը հետևյալն է` եթե այս ծրագիրն անենք միայն ԼՂ–ից բռնի տեղահանվածների համար, ապա կարող է լարում ստեղծվել հանրության ներսում։ Կան մարդիկ, որոնք նույն խնդիրն ունեն` լինելով ՀՀ քաղաքացի։ Մենք ուզում ենք մի ծրագիր անել, որը հասանելի կլինի նաև ՀՀ քաղաքացիների համար։ ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ՀՀ քաղաքացիություն ստանան, որովհետև առանց դրա էլ կարող է լարում ստեղծվել։ Մարդիկ կարող են ասել, որ իրենց բնակարան չի տրվում` չնայած իրենց երեխաները ծառայում են ՀՀ բանակում, բայց ինչու պետական բյուջեից աջակցություն ստացող մյուս հայրենակիցների զավակները չպետք է ծառայեն ՀՀ ԶՈւ–ում»,– ասաց վարչապետը։


Անդրադառնալով գնին` նա շեշտեց, որ 3 մլն դրամը դիտարկում են որպես բազային չափ, որի վրա կարող են գործակիցներ լինել։ Փաշինյանը նշեց, որ այդ գործակիցները կարող են տարբեր լինել` այդ թվում բազմազավակ, զոհվածի կամ այլ կարգավիճակ ունեցող ընտանիքների մասով։ Դրանք կարող են կախված լինել նաև բնակավայրերով, օրինակ` 3 ցանկ լինի։


ՀՀ վարչապետը հավելեց, որ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանցից նամակներ է ստանում ու, դրանք ընթերցելով, հասկանում է, որ որոշ հարցերի վերաբերյալ թյուրընկալումներ կան։ Նա վստահեցրեց` «40 000 + 10 000 դրամ» ծրագրի մասով խոսակցությունները, թե այն շուտով կավարտվի, ճիշտ չէ։ Նա շեշտեց` առնվազն մինչև տարվա վերջ ծրագիրը կերկարացվի, դրանից հետո կմտածեն հետագայի մասին։