Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ հիվանդանոցում տղայի նկարով վահանակի մասին

Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը վերադարձվել է իր նախկին տեղը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Ալբերտի հայրը` Արտակ Հովհաննիսյանը։


Նրա խոսքով` տնօրենն իրեն անձամբ է ասել, որ ցուցանակը սեպտեմբերից հանված է եղել թյուրիմացության արդյունքում և միայն երեկ է փակցվել այլ տեղում։


«Թյուրիմացություն է տեղի ունեցել, իրավիճակին չեն տիրապետել, չեն իմացել, որ դա անվանակոչված բաժանմունք է, այդ է պատճառը, որ ցուցանակը հանել են։ Տնօրենն ինձնից 2 ամիս խնդրեց, որպեսզի բաժանմունքն ամբողջ կազմով հետ վերադառնա երկրորդ հարկ, քանի որ այս հարկը մեզ համար խորհուրդ ունի»,–լրատվամիջոցին ասել է նա։


Արտակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ ոչ մի պատճառ չունի տնօրենին չհավատալու կամ նրա վրա ցեխ շպրտելու։


Ալբերտի մայրը` Մանիկ Աճեմյանն էլ նշել է, որ 2021 թվականին բաժանմունքը վերանորոգվել է, քանի որ եղել է Ալբերտ Հովհաննիսյանի անունով, և այս բաժանմունքում բազմաթիվ զինծառայողներ են բուժվել։


«Մեզ տնօրենն ասաց` եթե կցանկանաք, թող ցուցանակը լինի 2–րդ հարկում` իր նախկին տեղում, իսկ պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքը` այլ հարկում։ Մենք չհամաձայնեցինք, ասացինք, որ կա՛մ ցուցանակը կտանենք մեզ հետ, կա՛մ բաժանմունքը կվերադարձվի երկրորդ հարկ։ Մեզ խոստացան 2 ամիս հետո բաժանմունքն ամբողջ կազմով վերադարձնել 2–րդ հարկ»,–ասել է մայրը։


Նշվում է, որ այժմ «Երևան» բժշկագիտական կենտրոնի 2–րդ հարկում գործում է Գաստրոէնտերոլոգիական և հեպատոլոգիական ծառայությունը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը հայտնել էր, որ Արցախյան պատերազմի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը չի հանվել «Երևան» բժշկագիտական կենտրոնի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության բաժանմունքի պատից: