3 միլիոն դրամ են գողացել Երևանում հայտնի սուպերմարկետից. ջարդել են ապակիները, ապա կոտրել տերմինալը

Այսօր վաղ առավոտյան Ժամը 05։30-ի սահմաններում ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգ է ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում Ահարոնյան փողոցում գործող «Պարմա» սուպերմարկետի դռների ապակիները ջարդված են, իսկ այնտեղ եղած տերմինալը՝ կոտրված։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, դեպքի վայր են գնացել ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի  ներկայացուցիչները:


Պարզվել է, որ ժամը 05։00-ից միչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Ահարոնյան 1/6 հասցեում գործող «Պարմա» սուպերմարկետի մուտքի դռան ապակին, այնտեղից դուրս են բերել «Թել-Սել» վճարահաշվարկային տերմինալը, կոտրել այն և գողացել այնտեղ պահվող գումարը, իսկ տերմինալը թողել են դեպքի վայրում։ Դեպքի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով նշված սուպերմարկետի տնօրեն 33-ամյա Արեգ Ն․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ խանութին պատճառվել է նյութական վնաս, իսկ վճարահաշվարկային տերմինալի մեջ եղել է 3 մլն դրամ։



Քաղաքականություն