ՀՀ և ՌԴ քաղաքացիները փորձել են ապօրինի արտահանել 29,5 միլիոն ռուբլի

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք:


Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հազար ՌԴ ռուբլու (130 միլիոն ՀՀ դրամին համարժեք) գումարի ապօրինի արտահանման փորձը։


Գումարի մի մասը՝ 15 միլիոն ՌԴ ռուբլին, հայտնաբերվել է Բագրատաշենի մաքսային-կետ բաժին ժամանած մարդատար տրանսպորտային միջոցից, իսկ մյուս մասը՝ 14 միլիոն 510 հազարը, մեքենայի 4 ուղևորների մոտից, որոնք եղել են ՀՀ և ՌԴ քաղաքացիներ։


Դեպքի առնչությամբ կազմված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: