Էկվադորը հրաժարվել է Ուկրաինային հին խորհրդային զենք մատակարարել

Էկվադորի արտաքին գործերի նախարարը երկուշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրն այլևս չի ծրագրում Ուկրաինա ուղարկել խորհրդային ժամանակների զենքեր: Այս մասին հայտնում է BBC-ին:


Հունվարին այդ երկրի նախագահ Դանիել Նոբոան հայտարարել էր, որ Էկվադորը համաձայնել է ռուսական ռազմական տեխնիկան, որն, ըստ իր խոսքերի, «մետաղի թափոն» է դարձել, փոխանակել ամերիկյան նոր զենքի հետ (մոտ 200 մլն դոլար արժողությամբ), որն անհրաժեշտ է թմրակարտելների դեմ պայքարի համար։


Էկվադորը նախատեսում էր ԱՄՆ ուղարկել (հետո Ուկրաինա ուղարկելու հեռանկարով) վեց ռուսական ռազմական ուղղաթիռ, մեծ հեռահարության հրթիռային կայանքներ եւ ՀՕՊ համակարգեր։


Սակայն Ռուսաստանը սպառնացել էր ի պատասխան էկվադորյան բանանների եւ ծաղիկների էմբարգո մտցնել՝ նշելով դրանցում վնասակար նյութերի հայտնաբերման մասին։


Էկվադորը աշխարհում բանանի ամենամեծ արտահանողն է եւ ծաղիկների, հիմնականում վարդերի խոշոր արտահանողներից մեկը։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ 10 բանանից 9-ը Ռուսաստան գալիս է Էկվադորից։


Ուրբաթ Էկվադորի առեւտրի նախարար Սոնսոլես Գարսիան հայտնել էր, որ ռուսական էմբարգոն բանան արտահանող էկվադորյան հինգ ընկերությունների դեմ հանվել է։


Այսօր արտաքին գործերի նախարար Գաբրիելա Զոմերֆելդը ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեին տեղեկացրել է, որ Էկվադորը վերանայել է իր որոշումը։


«Էկվադորը ոչ մի ռազմական տեխնիկա չի ուղարկի մի երկիր, որը միջազգային զինված հակամարտության մեջ է գտնվում»,- ԱԳ ղեկավարի խոսքերը մեջբերել է AFP գործակալությունը։




Քաղաքականություն