Նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմի բարձրացման նպատակով
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ խորհրդարանական լսումներ են ընթանում «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով։ Լսումներին ներկա են իրավասու մարմինների, ազգային փոքրամասնությունների, այդ թվում եզդիական համայնքի ներկայացուցիչներ։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն ասել է, որ նախատեսում է օրենսդրական փոփոխությունների գործընթաց սկսել ամուսնության տարիքային շեմի բարձրացման նպատակով, նախատեսում է օրենսդրական այս բարեփոխումներն իրականցնել 2024 թվականին։
«Խորհրդարանում հանդիսանալով եզդիական համայնքի ներկայացուցիչ, ստանում եմ բազմաթիվ ահազանգեր հատկապես եզդիական համայնքի շրջանում վաղ ամուսնությունների մասով, սակայն պետք է արձանագրեմ, որ խնդիրը համատարած բնույթ է կրում, վաղ ամուսնության դեպքեր կան նաև հայերի շրջանում»,- ասել է Բաքոյանը։
Նա հիշեցրել է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ, ամուսնության տարիքը 18 տարեկանն է, անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է ծնողների, որդեգրողների կամ հոգեբարձուի համաձայնությունը, անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է ծնողների, որդեգրողների կամ հոգեբարձուի համաձայնությունը և ամուսնացող մյուս անձն առնվազն 18 տարեկան է։
«Կարևորում եմ վաղ տարիքից երեխայի գիտակցությանը հասցնել այն գաղափարը, որ վաղ ամուսնությունները կարող են ունենալ բացասական հետևանքներ իրենց հետագա կյանքի, նաև ճակատագրի վրա։ Անչափահասների ամուսնությունն առաջացնում է տարաբնույթ խնդիրներ՝ առողջական, կրթական, սոցիալական տեսանկյունից։
Վաղ ծննդաբերությունները կարող են իրենց հերթին ի հայտ բերել բացասական հետևանքներ անչափահաս մայրերի համար, ինչպես նաև վաղ ամուսնության արդյունքում ծնված երեխաների մահացության դեպքերի տոկոսը շատ ավելի բարձր է։
Ամուսնության տարիքային շեմի բարձրացումը կարևորում եմ նաև մեր եզդիական համայնքի ինքնության պահպանման առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից։ Մեր համայքնում կան մի շարք սովորույթներ, որոնք վնասում են հենց մեզ՝ ստեղծելով բարդույթներ մեր համայնքի համար»,- նշել է Բաքոյանը։