«Սիներջիի» տնօրենի կալանքը ապօրինի է. փաստաբաններ

«Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի կալանքը ապօրինի և խտրական է։ Այս հայտարարությունը տարածել են ընկերության ներկայացուցիչների փաստաբանները` նշելով, որ միջնորդություն են ներկայացրել դատարան՝ փոխելու Աշոտ Հովհաննիսյանի խափանման միջոցը։


«Այս առարկայազուրկ գործի շրջանակներում մեր առաջնահերթ խնդիրը հիմա Աշոտ Հովհաննիսյանի կալանքը փոխելն է։ Այս ենթադրյալ հանցանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև էկոնոմիկայի նախարարությունում մի պաշտոնատար անձ չարաշահել է իր լիազորությունները, իսկ մեր վստահորդները դրդել և օժանդակել են այդ լիազորությունները չարաշահելուն։ Հիմա մեղադրյալներից ոչ ոք կալանավորված չէ, բացառությամբ ընկերության 71-ամյա ղեկավարի։ Այսինքն՝ իրավապահ համակարգի գործելաոճը դառնում է և’ ապօրինի, և՛ խտրական», - նշել է փաստաբան Գոռ Օհանյանը։


«Ամեն մեծ ու փոքր թվի համադրություն չէ, որ հանցանքի մասին է վկայում։ Մենք անպայմանորեն կանդրադառնանք թե՛ գնումների կատարման չափորոշիչները որոշելու կարգին, թե՛ գնագոյացմանը, թե’ մրցույթի անցկացման կարգին, առաջացած հետևանքներին և կապացուցենք, որ այստեղ քրեորեն հետապնդելի արարք չկա։ Այս ամենը թեև բարդ կլինի մեկ պարզ նախադասությամբ ներկայացնելը, այդուհանդերձ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի հանրության մոտ ոչ մի բաց հարց չմնա։ Մինչ այդ անհրաժեշտ է օր առաջ փոխել ապօրինի և խտրական իրադրության մեջ հայտնված վաստակաշատ և տարեց մարդու խափանման միջոցը», - նշել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։


Փաստաբանները պատրաստակամություն են հայտնում առաջիկայում առավել հանգամանալից հանրությանը ներկայացնել գործի հանգամանքների էությունը և ապացուցել, որ «Սիներջի ինթրնեշնըլ սիսթըմզ» ընկերության ներկայացուցիչների կողմից որևէ հանցավոր արարք չի կատարվել։




Քաղաքականություն