Գեղարքունիքի մարզպետն անդրադարձել է երեկ Վարդենիսում իրականացված բողոքի ակցիայի մասին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն անդրադարձել է նախորդ օրը Վարդենիս համայնքում իրականացված բողոքի ակցիային։ Վերջինս ակցիան համարել է քաղաքական ու անհամաձայնություն հայտնել «կազմակերպիչների ոչ իրավաչափ ու սադրիչ գործողությունների» հետ կապված։


«Քաղաքական ակցիան հետևանք է մարդկանց մեջ տարածված այն կեղծ տեղեկությունների, թե իբր Վարդենիսում հանրային կենսական նշանակության կառույցները լուծարվում կամ տեղափոխվում են՝ համայնքն իր բնակչությունից դատարկելու դիտավորությամբ։ Նման սադրիչ լուրեր տարածողները մոռանում են, թե հայրենի կառավարությունը վերջին տարիներին խոշոր ծավալների ինչպիսի ներդրումներ է կատարում, ինչ կարևոր ծրագրեր է իրականացնում կենսագործունեության ամենատարբեր ոլորտներում»,- ասել է Կարեն Սարգսյանը։ 


Մարզպետի խոսքով՝ Վարդենիսում նախորդ տարվա ընթացքում միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, որոնք շարունակվելու են նաև այս տարի, մոտակա տարիներին պետական միջոցներով կառուցվելու է նոր բժշկական կենտրոն, 1 դպրոցական, 5 կրթահամալիրների, նոր մանկապարտեզների շենքեր, հզորանալու են ենթակառուցվածքները։


«Փոխարենը որոշ անպատասխանատու մարդիկ օգտվում են անհարկի առիթից և խուճապ ու ապակայունություն են ստեղծում շրջապատում։ Իսկ այս ամենը գալիս է նրանից, որ մարդիկ հավուր պատշաճի իրազեկված չեն, ինչի համար հորդորում եմ բոլոր իրազեկ անձանց՝ տալ բավարար տեղեկատվություն պետության կողմից իրականացվող կառուցողական քաղաքականության ու ծրագրերի մասին»,- նշել է Կարեն Սարգսյանը։



Քաղաքականություն