Բազմաթիվ համայնքներում շների ստերջացում չի իրականացվում

Հանրապետության բազմաթիվ համայնքներում չի իրականացվում թափառող շների ստերջացում, քանի որ համայնքի բյուջեի սղության պատճառով մրցույթներ չեն իրականացվում, շատ դեպքերում էլ՝ եթե անգամ մրցույթ է հայտարարվում, ապա մասնակից չի լինում։ Այս տվյալներն այսօր ԱԺ -ում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանի նախաձեռնությամբ կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։


Նրա ներկայացրած տվյալներով՝ 2023-ին քաղաքացիների ոստիկանություն ահազանգերը հիմնականում վերաբերել են քաղաքացիների վրա շների հարձակվելու, կծելու, ագրեսիվ լինելու, աղմուկի, աղբամանների մոտ հավաքվելու վերաբերյալ։


Քաղաքացիները նաեւ ահազանգում են, որ վախենում են թափառող կենդանիների հնարավոր հարձակումից, վախենում են իրենց երեխաներին միայնակ դպրոց ուղարկել՝ շրջակայքում եղած թափառող շների պատճառով։


Հակոբյանը ներկայացրեց տվյալներ, թե շների ստերջացման իրավիճակն ինչպիսին է՝ ըստ մարզի։ Ըստ այդմ՝ Կոտայքի մարզում ստերջացում չի իրականացվում ոստիկանության Կոտայքի եւ Հրազդանի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում, իսկ Չարենցավանի եւ Նաիրի բաժինների տարածքներում, թեև 550 ստերջացում է իրականացվել, սակայն ներկայումս չի իրականացվում։


Քաղաքականություն