ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում հութիների հրթիռներին Եմենում

ԱՄՆ-ն այսօր՝ հունվարի 18-ին, ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների հականավային հրթիռներին, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): Ինչպես հայտնում է CNN-ը, սա մեկ շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի հինգերորդ հարվածն է հութիների թիրախներին։


CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարվածն իրականացվել է «նավարկության ազատությունը պաշտպանելու և Կարմիր ծովում նավագնացության վրա հարձակումները կանխելու նպատակով» գործողության շրջանակում։ Թիրախները եղել են երկու հականավային հրթիռներ, «որոնք ուղղված էին Կարմիր ծովի հարավի ուղղությամբ և պատրաստ էին արձակման»։


«ԱՄՆ ուժերը հայտնաբերել են հրթիռները Եմենի հութիների կողմից վերահսկվող շրջաններում մոտավորապես ժամը 15:40-ին (տեղական ժամանակով) և որոշել, որ դրանք անմիջական վտանգ են ներկայացնում տարածաշրջանում գտնվող առևտրային և ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար: Ամերիկյան զորքերը հարվածել և ոչնչացրել են հրթիռները՝ ինքնապաշտպանության նպատակով»,- ասվում է հրամանատարության մամուլի հաղորդագրության մեջ X սոցիալական ցանցում։


2023 թվականի դեկտեմբերին Կարմիր ծովում միջազգային նավերի գնդակոծությունն ավելի հաճախակի դարձավ։ Դա տեղի է ունեցել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմի ֆոնին։ Նույն ամսին Միացյալ Նահանգները հայտարարեց Կարմիր ծովում նավարկության ազատությունն ապահովելու համար բազմազգ առաքելության մեկնարկի մասին։ Հունվարի 12-ին ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցրել Եմենում հութիների դիրքերին։

Քաղաքականություն

Պատահարներ