Ուկրաինայում արտադրված ԱԹՍ–ն Սանկտ Պետերբուրգում խոցել է թիրախ՝ թռչելով 1250 կիլոմետր. ուկրաինացի նախարար
Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը հայտնել է, որ հունվարի 18-ի գիշերը Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ հարված հասցրած անօդաչու թռչող սարքը ուկրաինական արտադրության է, գրում է Meduza–ն՝ հղում տալով ուկրաինական զլմ–ներին։
«Մենք ի վիճակի ենք արտադրել մի բան, որը կարժենա 350 դոլար և կթռչի Սանկտ Պետերբուրգ այդ գիշեր: Սա պատրաստված է Ուկրաինայում։ Այսպիսով, այս գիշեր մենք խոցեցինք թիրախը, այն այս գիշեր թռավ ուղիղ 1250 կիլոմետր»,- ասել է նախարարը Դավոսում Deciding your tomorrow քննարկման ժամանակ։
ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ հունվարի 18-ի գիշերը ՀՕՊ համակարգերը Լենինգրադի շրջանի տարածքում որսացել են ավիատիպի անօդաչու թռչող սարք։ Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի տարածքում հայտնաբերվել են կալանված անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Նավթային տերմինալի սեփականատերերից մեկը շնորհակալություն է հայտնել ռուս զինվորականներին «ՀՕՊ-ի փայլուն աշխատանքի համար»։ Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի շրջանի իշխանությունները հայտնել են, որ տուժածներ չկան։
Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով աղբյուրներ, հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի վրա հարձակումը կազմակերպել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը։