
Ադրբեջանը պատասխանել է Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևին

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել ի պատասխան Ֆրանսիայի Սենատի՝ Բաքվի դեմ պատժամիջոցների մասին բանաձևի։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բաքուն կոչ է անում Ֆրանսիայի դեմ պատժամիջոցներ կիրառել և դադարեցնել տնտեսական կապերը, սառեցնել Ֆրանսիայի պաշտոնատար անձանց ակտիվները Ադրբեջանում, թույլ չտալ ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերով նախագծերին, երկրից վտարել ֆրանսիական բոլոր ընկերություններին` ներառյալ Total-ը, հանձնարարել Ադրբեջանի ԱԳՆ-ին քայլեր ձեռնարկել Կորսիկայի, Կանակիի անկախության ճանաչման ուղղությամբ։
Ֆրանսիայի սենատը հունվարի 17–ին քննարկում էր «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելուն և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի հետագա փորձերը և տարածքային ամբողջականությունը խախտելը կանխելուն» ուղղված բանաձևը: Բանաձևում շեշտվում է, որ միջազգային հանրությունը պետք է Ադրբեջանից պահանջի ջանքեր գործադրել՝ երաշխավորելու հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքը՝ միաժամանակ ապահովելով նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։
Հունվարի 17-ին Ֆրանսիայի սենատը Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձև է ընդունել։ Բանաձևին կողմ է քվեարկել Սենատի 336 անդամ, միայն 1 դեմ ձայն է եղել։
Սենատը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքով Ադրբեջանից պահանջել ազատ արձակել այնտեղ պահվող քաղաքացիական և զինվորական անձանց, ներառյալ՝ ապօրինի պահվող քաղաքական և հասարակական գործիչներին, Արցախի նախկին պաշտոնյաներին։ Սենատը նաև վերահաստատում է Հայաստանի տարածքային ամբողջականության անխախտելիությունը, կոչ է անում անհապաղ և անվերապահ դուրս բերել ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Սենատը պահանջում է խիստ միջոցներ ձեռնարկել, ընդհուպ՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավում և ադրբեջանական գազի և նավթի ներմուծման էմբարգո։