ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաշկիրիայում ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրում են բողոքի ցույցը, կան տուժածներ
Բաշկորտոստանում ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ ցրում են բազմամարդ բողոքի ցույցը։
Ցույցի մասնակիցները դատարանի մոտ են հավաքվել իրենց աջակցությունը հայտնելու քաղացիական ակտիվիստ Ֆաիլ Ալսինովին, որն այսօր չորս տարվա ազատազրկման դատապարտվեց՝ ատելություն կամ թշնամանք հրահրելու մեղադրանքով։
Հաղորդվում է, որ ուժայինները մահակներով, լուսաձայնային նռնակների և արցունքաբեր գազի կիրառմամբ ցրում են ակտիվիստի ազատությունը պահանջող հարյուրավոր ցուցարարներին, կան տուժածներ։
Ըստ դեռևս չհաստատված տեղեկությունների՝ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ։
Ակտիվիստի դեմ քրեական գործ է հարուցվել անցած օգոստոսին։ Նրա դեմ բողոք էր ներկայացրել անձամբ Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովը։ Գործի հիմքում Ալսինովի ելույթն է։ Ըստ քննիչների՝ նա մարդկանց խմբերի հասցեին բացասական գնահատականներ է հնչեցրել։
Այդ ելույթը հնչել է գյուղատնտեսական հողերի ոչնչացման և ջրի աղտոտման հանգեցրած ոսկու ապօրինի արդյունահանման դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ Ակցիայի ժամանակ Ալսինովը նաև հայտարարել էր, թե «մինչ բաշկիրները կռվում են Ուկրաինայում, Բաշկորտոստանում խլում են նրանց հողերը»։
Հիշեցնենք, որ Ալսինովին դատում են 2023 թվականի գարնանը ժողովրդական հավաքներից մեկում Բաշկիրերեն լեզվով արտասանված ելույթի պատճառով. քննիչները նրա ելույթում նկատել են «արտահայտություններ, որոնցում բացասաբար են գնահատվում մարդկանց խմբերը՝ Կովկասի, Միջին Ասիայի բնակիչներ եւ հայեր»: