
Ապահովագրական փաթեթը կունենա ֆիքսված գումար․ Ավանեսյան

Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենսդրական փաթեթը այս պահին գտնվում է կառավարությունում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կառավարությունը կընդունի օրենսդրական փաթեթը եւ կգնա ԱԺ:
«Մենք սահմանեցինք, որ կունենանք փուլային ներդրում եւ արդեն 2027-ին կունենանք ամբողջական ներդրում: Հաջորդ կետը ապահովագրական փաթեթի մասով է: Այն կլինի ֆիքսված գումար, բայց որպեսզի մեղմենք այս ծախսը մեր քաղաքացիների համար, որոնք միջին աշխատավարձից ցածր են ստանում, պետությունը կգործարկի սուբսիդավորման ճկուն համակարգ: Այդ շեմից ցածր ստացողների համար կգործի 30, 40, 50 տոկոսի սուբսիդավորման մեխանիզմը: Բացի այդ, ստեղծվելու է պետական ապահովագրական հիմնադրամ: Սա ամենաօպտիմալ տարբերակն է, որ բոլորիս ապահովագրական ռիսկերը մեկտեղվեն, եւ դրա արդյունքում ունենանք ավելի մատչելի ապահովագրական փաթեթի արժեք: Ներդրման փուլերը սկսվելու են 2024-ի հուլիսից, եւ ամեն տարի կընդլայնվի թե շահառուների խումբը, թե գործարկման բոլոր կտորները: 2027-ին այն պարտադիր կլինի բոլոր քաղաքացիների համար»,-ասաց նախարարը:
Ավանեսյանը մանրամասնեց, որ այս տարվա հուլիսից առողջապահական փաթեթը կգործարկվի այն անձանց հմար, որոնք այսօր պետական պատվերի շահառու են՝ մասնավորապես մինչեւ 18 տարեկան երեխաները, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք են կամ ֆունկցիոնալության այդ աստիճաններն ունեցող քաղաքացիները:
«Նրանց համար պետական պատվերը կդառնա ապահովագրական փաթեթ: 2025-ին պլանավորվում է, որ կենսաթոշակային տարիքի հասած քաղաքացիները կապահովագրվեն եւ սոցփաթեթի շահառուները: տարեցտարի կմիանան պետական ֆորմալ աշխատանք ունեցողները եւ 2027-ին պարտադիր կդառնա բոլորի համար: Ապահովագրական փաթեթի գինը մեր հաշվարկներով կազմելու է մինչեւ 200 հազար դրամ տարեկան: Ըստ փուլերի վերջնական արժեքը հասանելի կլինի»,-նշեց նա:
Ավանեսյանի խոսքով՝ այդ փաթեթը ներառելու է հստակ շրջանակ։
«Մենք ներառելու ենք այն ցանկը, որը հասանելի է լինելու մեր քաղաքացիների համար, որ տարընթերցումների տեղիք չտա: Փաթեթը իր բացվածքով բոլոր քաղաքացիներին հասանելի կլինեն»,- հավելեց Ավանեսյանը: