Սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին՝ թե օնլայն, թե կենդանի. Բադասյան

Կառավարությունը քննարկել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծերի փաթեթը, որը ներկայացնում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:


«Կարող ենք երկու մեծ նպատակ առանձնացնել, առաջին՝ թափանցիկության ապահովում, այսինքն, որ խաղային գործունեություն ծավալող ընկերությունների նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով, երկրորդը՝ պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է»,- ասաց Բադասյանը:


Ինչ վերաբերում է պատասխանատու խաղի միջոցառումներին՝ ՊԵԿ նախագահը նշեց, որ մի շարք սահմանափակումներ են մտցվում։


«Մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին, խոսքը թե՛ օնլայն, թե՛ կենդանի մոլեխաղի մասին է: 21 տարին չլրացած անձինք չեն կարող մասնակցել, բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման ծրագրից օգտվողները չեն կարող մասնակցել, ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում և ընտանիքի անապահովության հիմքով ծրագրի շահառուները չեն կարող մասնակցել»,- մանրամասնեց Բադասյանը:


Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց. «Ասում ենք՝ եթե քաղաքացին աղքատության նպաստի համակարգի մեջ ընդգրկված է, չի կարող խաղադրույք անել, ինչպե՞ս ենք վերհսկում»:


Ի պատասխան պաշտոնյան նշեց՝ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:


Բադասյանը նաև անդրադարձավ Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց խաղային արտադրանքների սերտիֆիկացում անցնելուն։


«Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձանց խաղային արտադրանքները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից: Սերտիֆիկացման փաստը ստուգվելու է Կառավարության կողմից սահմանված օպերատորի կողմից ու բոլոր խաղային արտադրանքները պետք է միացված լինեն մոնիթորինգային կենտրոնին, այսինքն՝ մոնիթորինգային կենտրոնում օն լայն ռեժիմով տեղեկություն կունենանք կատարված խաղադրույքի, ստացված շահման ու մնացածի մասին»,- պարզաբանեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Քաղաքականություն