Հասարակություն

Ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ․ իրավիճակն՝ Էկվադորում

Edita
Ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ․ իրավիճակն՝ Էկվադորում

Էկվադորի զինված ուժերն ու ազգային ոստիկանությունը երկրում անկարգությունների սկսվելուց հետո ձերբակալել են 329 ենթադրյալ հանցագործների եւ ուժեղացված ստոիգումների ընթացքում ոչնչացրել 5 մարդու: Այս մասին հայտնել է երկրի զինված ուժերի միացյալ հրամանատարության ղեկավար Խայմե Վելա Էրասոն: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


«Մենք գրավել ենք տարբեր տրամաչափի 61 միավոր զենք, 418 փամփուշտ, 24 պայթուցիկ սարք, ձերբակալել ենք 329 ահաբեկչի։ Գերությունից փրկվել է 41 մարդ։ Մենք ոչնչացրել ենք 5 ահաբեկչի»,-ասել է Վելան մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսագրությունը հրապարակել Է La Voz del Tomebamba պարբերականը։


Նրա խոսքով՝ զինծառայողներն ու ոստիկանությունը երեք անգամ ստիպված են եղել առճակատման մեջ մտնել երեք զինված խմբերի հետ, հաջողվել է գրավել 28 փախստական բանտարկյալների:


Նախագահ Դանիել Նոբոան հունվարի 8-ին 60 օրով արտակարգ դրության ռեժիմ էր սահմանել, որպեսզի գործի դնի զինված ուժերը քրեակատարողական համակարգի վերահսկողությունը վերականգնելու համար, որի 139 աշխատակիցներ պատանդ են մնացել:


Դրանից հետո մի շարք քաղաքներում անկարգություններ են սկսվել։ Հունվարի 9-ի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներ եւ ավտոբուսներ, Գուայակիլում պայթեցրել են ռումբեր, ավազակները ժամանակավորապես գրավել են տեղի հեռուստաալիքի ստուդիան: Ոստիկանությունը հայտնել է, որ անհայտ անձինք մեկ օրում յոթ իրավապահների են առեւանգել մայրաքաղաք Կիտոյում եւ Մաչալա քաղաքում: Մաչալայից երեք սպաների հաջողվել է ազատ արձակել։


Դրանից հետո Նոբոան հայտարարեց ներքին զինված հակամարտության մասին և բանակին հրամայեց չեզոքացնել տասնյակ հազարավոր մասնակիցների թվով 22 հանցավոր խմբավորումներ: Միացյալ հրամանատարության ղեկավար Վելա Էրասոն այդ հանցավոր խմբավորումներին հայտարարել է ռազմական թիրախներ և հայտարարել, որ նրանց հետ բանակցություններ չեն լինի:


Էկվադորի ներկայիս ղեկավարը իշխանության է եկել հանցավորության դեմ պայքարի կարգախոսներով, որն ընդունել է սպառնալից մասշտաբներ: Միայն վերջին ընտրարշավի ընթացքում են սպանվել «Կառուցիր» քաղաքական շարժման նախագահի թեկնածու Ֆերնանդո Վիլյավիսենսիոն, ինչպես նաև Էկվադորի Էսմերալդաս նահանգում «Քաղաքացիական հեղափոխություն» քաղաքական շարժման առաջնորդ Պեդրո Բրիոնեսը:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250