
10 մլն դրամը կարող է նվազել. զինծառայության օրենքում փոփոխություն է առաջարկվում

Զինծառայությունից գումարով ազատվելն օրինականացնելու նախագծում նոր փոփոխություններ են առաջարկվում։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ օրինագծի հեղինակ, ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ երկու տարվա փոխարեն 1 ամիս ծառայելու համար սահմանված 10 մլն դրամը կփոխվի։
Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում է, որ բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, ՀՀ զինված ուժերը կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։
«Մենք կառավարությունում քննարկել ենք, և հավանության է արժանացել այն կարծիքը, որ 1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը դարձնենք 8 մլն դրամ։ Նախատեսում ենք 2 մլն դրամով նվազեցնել, որպեսզի օրենքի շահառուների թիվն ավելի շատ լինի և ավելի քիչ անհարմարություն պատճառենք հավանական շահառուներին։ Այդպիսով նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն կտանք, այլապես գումար չունենալու դեպքում նրանք կշարունակեն մնալ հետախուզման մեջ, հայրենիք էլ կվերադառնան միայն վաղեմության ժամկետը լրանալուց հետո»,– մանրամասնեց Սարգսյանը։
Նա ևս մեկ տեխնիկական փոփոխություն առաջարկեց` սահմանային տարիքը դարձնել 45, որպեսզի օրինագծից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները։ Պատգամավորը հավելեց, որ սա նաև ուժային կառույցների և իրավապահ մարմինների առաջարկն է։
Փոփոխություն է առաջարկվում նաև այն անձանց, որոնք նոր են ՀՀ քաղաքացիություն ստացել։
«Առաջարկում եմ այդ անձանց համար սահմանված 27-37 տարեկանը փոխել և դարձնել 18-45 տարեկան։ Սա հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին 1 տարի ծառայել ՀՀ ԶՈւ–ում կամ վճարել 2.5 մլն դրամ։ Գործող կարգավորումներով արական սեռի ներկայացուցիչներից որևէ մեկը չի դառնում ՀՀ քաղաքացի մինչև 27 տարին լրանալը` բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք ծառայել են այլ պետություններում և օրենքով պարտավորություն չունեն նաև Հայաստանում ծառայելու»,– ասաց պատգամավորը։
Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ իրենք կողմ են, որպեսզի 10 մլն դրամը կրճատվի, բայց դեմ արտահայտվեց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին առնչվող փոփոխությանը։ Նրա խոսքով` այդ փոփոխությունը կարող է «վախեցնել» բազմաթիվ հավանական վերադարձողներին։ ՊՆ փոխնախարարը նաև առաջարկեց՝ օրենքն այնպես գրել, որպեսզի տարընթերցումներ չառաջանան։
Արդյունքում հանձնաժողովը որոշեց նախագիծը լրամշակել մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելը։
Հիշեցնենք, որ նախաձեռնությամբ 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝
1.զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
2.զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
3.զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
4.զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
5.զինվորական ծառայության փոխարեն վճարել 15 մլն դրամ։